Ավստրալիայի կառավարությունը երկրի զինված ուժերի համար կգնի հետեւակի 129 մարտական մեքենա (ՀՄՄ) հարավկորեական Hanwha կորպորացիայի ավստրալական ստորաբաժանումից։ Այս մասին տեղեկացրել է պաշտպանական արդյունաբերության նախարար Փետ Քոնրոյը։

Նրա խոսքով՝ Hanwha-ի Ավստրալիայում Վիկտորյա նահանգի ընկերության ձեռնարկություններում արտադրված ՀՄՄ-ների գնումը կլինի «կառավարության պատասխանը Ավստրալիայի պետության շուրջ ռազմավարական իրադրության փոփոխությանը»։ «Նախագծի արժեքը, որի շրջանակում կարտադրվեն 129 Hanwha Redback ժամանակակից հետեւակի մարտական մեքենաները, կկազմի 5-7 մլրդ ավստրալական դոլլար (3,4-4,7 մլրդ ԱՄՆ դոլար), ինչը ավստրալական բանակի պաշտպանունակության բարձրացման ամենամեծ նախաձեռնությունը կլինի նրա պատմության ընթացքում»,- նշել է Քոնրոյը Ավստրալիայի ՊՆ տարածած հայտարարությունում։

Նախարարը նաեւ ընդգծել է, որ նոր մեքենաները բանակում «կփոխարինեն Defence ընկերության M113 զրահագնացներին, որոնք ձեռք են բերվել 1964թ., եւ զինվորներին կապահովեն պաշտպանության ժամանակակից, բարձր մակարդակ եւ շարժունություն»։ «Բացի այդ, նախագիծը թույլ կտա ստեղծել հազարավոր նոր աշխատատեղեր մայրցամաքում եւ աշխատանքով կապահովի տեղի պաշտպանական արդյունաբերության տասնյակ ընկերությունների»,- նշել է նա։

Նախատեսվում է, որ առաջին ՀՄՄ-ն պաշտպանության նախարարությանը կտրամադրվի 2027թ. սկզբին, իսկ ամբողջ խմբաքանակը պատրաստ կլինի 2028թ. վերջին։