Լոնդոնի Բարձր դատարանը համաձայնել է անցնել բրիտանական արքայազն Հարիի հայցերի ըստ էության քննությանն ընդդեմ մեդիամագնատ Ռուպերտ Մերդոքի News Group Newspapers Ltd (NGN) ընկերության, սակայն նրա հեռախոսի գաղտնալսման հայցը մերժվել է, քանի որ այն շատ ուշ է ներկայացվել: Այս որոշումը կայացրել է դատավոր Թիմոթի Ֆենկուրը։
Սասեքսի դուքս արքայազն Հարին դատի է տվել NGN-ին, որը հրատարակում է այնպիսի թերթեր, ինչպիսիք են The Times-ը, The Sun-ը և այլն՝ պնդելով, որ դրանք անօրինական միջոցներ են օգտագործել տեղեկատվություն ստանալու համար։ Մյուս հայցվորը անգլիացի դերասան Հյու Գրանտն է։ Հունիսին Չարլզ III թագավորի կրտսեր որդին դարձավ արքայական ընտանիքի առաջին անդամը 132 տարվա մեջ, որը ցուցմունք տվեց դատարանում։ Նա, մասնավորապես, ասել էր, որ անբարեխիղճ լրագրողները կարող էին լսել իր հեռախոսը ավելի քան 15 տարի՝ 1996 թվականից մինչև 2011 թվականը։ Սակայն դեռևս ապրիլին կայացած նիստում NGN-ը մատնանշեց, որ նման հայց ներկայացնելու վեց տարվա ժամկետը լրացել է։
«Կարծում եմ, որ դուքսի պնդումը ձայնային փոստի գաղտնալսման մասին (և ձայնային փոստի գաղտնալսման ցանկացած այլ փորձ) վաղեմության ժամկետն անցել է և՛ NGN-ի, և՛ The Sun-ի համար», - վճռել է դատավորը Reuters-ի մեջբերած որոշման մեջ․ «Դուքսն իրական շանս չունի դատարանում ապացուցելու, որ նախքան սահմանված ժամկետը նա չգիտեր և չէր կարող ողջամիտ ջանասիրությամբ բացահայտել փաստեր, որոնք կաջակցեին այս հարցում հայցի հիմնավորմանը»:
Ըստ The Daily Telegraph-ի, ըստ էության գործի քննությունը Լոնդոնի Բարձր դատարանում պետք է սկսվի 2024 թվականի հունվարին։





























