Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքում ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանում կայացել են ղարաբաղյան հակամարտության թեմայով լսումները: Ժոաո Սոարեշի նախագահած նիստում ելույթ են ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, հաղորդում են ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակությունից:
Ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն հայտարարել է, որ հակամարտության կարգավորման հիմքում միջնորդները տեսնում են ուժի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքները: Համանախագահը նաեւ հայտնել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանք է տարվում վեց հիմնարար սկզբունքների վերաբերյալ.
1. Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններից զորքերի դուրս բերում
2. Լեռնային Ղարաբաղին անցումային կարգավիճակի տրամադրում
3. Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ անմիջական կապի ապահովում
4. Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վերջնական որոշում` ԼՂ ժողովրդի իրավականորեն պարտավորեցնող կամարտահայտման ճանապարհով
5. Փախստականների վերադարձ
6. Տարածաշրջանում անվտանգության միջազգային ապահովում եւ խաղաղարար գործողության իրականացում
Հիշեցնենք, որ այդ տարրերն առաջին անգամ հրապարկվել են 2009-ի հուլիսի 10-ին` Իտալիայի Ակվիլա քաղաքում ընթացող «Մեծ ութնյակի» գագաթաժողովում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահող երկրներ ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահների հայտարարությունում:
Ակվիլայում հրապարակված այդ սկզբունքները հնչեցվել են հունիսի 2010-ի 26-ին, Կանադայի Կուսկոկա քաղաքում` Բարաք Օբամայի, Դմիտրի Մեդվեդեւի եւ Նիկոլա Սարկոզիի համատեղ հայտարարությունում:
Այդ տարրերն են ընդգրկված եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետագա հայտարարություններում եւ մադրիդյան փաստաթղթի վերջին տարբերակում, որը 2011-ի հունիսին, Ռուսաստանի Կազան քաղաքում Ադրբեջանը հրաժարվել է ընդունել:
2011-ի հունիսի 24-ին Կազանում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի եռակողմ հանդիպումը, սակայն ղարաբաղյան բանակցություններում բեկում չի արձանագրվել, ինչին կոչ էին անում Մոսկվան, Վաշինգթոնն ու Փարիզը:



























