ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին 20 տարվա ազատազրկում է սպառնում գաղտնի փաստաթղթեր պահելու գործով։
Ավելի վաղ դատախազները Թրամփին մեղադրանքի երեք նոր կետ են ներկայացրել, որոնցից երկուսը վերաբերում են Ֆլորիդայում նրա Մար-ա-Լագոյի կալվածքում տեսախցիկների ձայնագրությունների ոչնչացմանը, եւս մեկը՝ «ԱՄՆ ազգային պաշտպանության հետ կապված փաստաթղթերի կանխամտածված պահման համար»։
Բացի բանտարկությունից, մեղադրանքներից յուրաքանչյուրը ենթադրում է 250 հազար դոլար տուգանք։
Ֆլորիդա նահանգում գտնվող Մար-ա-Լագո ակումբի տարածքում Թրամփի նստավայրում հայտնաբերվել են տարբեր աստիճանի գաղտնիության նյութերով արկղեր: Այնտեղ, ինչպես ասվում է քննչական նյութերում, 2021 թվականի հունվարից մինչեւ 2022 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում տեղի են ունեցել միջոցառումներ ակումբի տասնյակ հազարավոր անդամների եւ հյուրերի համար, եւ պայմաններ չեն եղել գաղտնի փաստաթղթերի պահպանման, տիրապետման համար։
Թրամփը քրեական գործը համարում է միջամտություն 2024 թվականի նախագահական ընտրություններին, որոնց մտադիր է մասնակցել՝ չնայած մեղադրանքներին:





























