2022 թվականի արդյունքներով աշխարհում ածխի օգտագործման ծավալը հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 8,3 մլրդ տոննա 2021-ի 7,9 մլրդ-ի դիմաց։ Վառելիքի այս տեսակի օգտագործման աճին մեծամասամբ նպաստել է ասիական երկրներում, ներառյալ Հնդկաստանում ու Չինաստանում պահանջարկի մեծացումը, տեղեկացնում է «Կոմերսանտը»՝ վկայաբերելով Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) վերլուծաբանների տվյալները։
Այս տարվա առաջին կիսամյակում դինամիկան շարունակվել է, առաջին վեց ամիսների ընթացքում ածխի համաշխարհային սպառման ծավալը աճել է ևս մեկուկես տոկոսով՝ մինչև 4,7 մլրդ տոննա։
Ածխի երկու խոշորագույն սպառողների շուկաներում (Հնդկաստանում և Չինաստանում) ածխի պահանջարկը առավել սրընթաց է բարձրացել՝ հինգ տոկոսից ավելի։ ՄԷԳ-ի վերլուծաբանների կանխատեսումներով, ածխի համաշխարհային սպառման մեջ այս երկրների բաժինը տարվա վերջում կմոտենա 70 տոկոսի։





























