Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կազմակերպել է ընդունելություն Չինաստանի կուսակցական-կառավարական պատվիրակության համար՝ Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի Քաղբյուրոյի անդամ, Չինաստանի ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի Մշտական կոմիտեի փոխնախագահ Լի Հունչժունի գլխավորությամբ։

Ինչպես տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությանը, Կիմ Չեն Ընը շնորհակալություն է հայտնել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին ուղերձի համար, զրույցի ընթացքում կողմերը պայմանավորվել են շարունակել զարգացնել ռազմավարական համագործակցությունը եւ միասին արձագանքել «բարդ» միջազգային իրադրությանը։ Տեղեկացվել է, որ Կիմ Չեն Ընը զրուցել է պատվիրակության անդամների հետ «ջերմ մթնոլորտում» եւ լուսանկարվել է նրանց հետո։

Հյուսիսային Կորեայի առաջնորդը շնորհակալություն է հայտնել Չինաստանին կուսակցության եւ ժողովրդի «մշտական» աջակցության համար՝ նշելով, որ կորեացի ժողովուրդը «հավերժ կհիշի եւ կփառաբանի» չինացի կամավորականների մարտական սխրանքներն ու ավանդը, որոնք մարտնչել են Հյուսիսային Կորեայի  ժողովրդի հետ միասին «նույն խրամատում»։ Կիմ Չեն Ընը նաեւ նշել է, որ ուրախ է, որ Չինաստանի կարգավիճակը միջազգային ասպարեզում «օրեցօր» բարձրանում է։

«Զրույցի ընթացքում հաստատվել են Հյուսիսային Կորեայի եւ Չինաստանի կուսակցությունների եւ կառավարությունների դիրքորոշումները... նախաձեռնողաբար արձագանքել բարդ միջազգային իրադրությանը երկու երկրների սերտ ռազմավարական եւ մարտավարական փոխգործակցության միջոցով, մշտապես զարգացնել բարեկամությունն ու ընկերային համագործակցությունը, դրանք բարձրացնել նոր բարձր մակարդակի»,- նշվել է գործակալության հաղորդագրությունում։