Եվրամիությունը երբեք չի ճանաչի Նիգերում գեներալ Տչիանիի իշխանությունը եւ կոչ է անում անհապաղ ազատ արձակել նախագահ Մոհամեդ Բազումին։ Այս մասին նշվել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարությունում, որը հրապարակվել է եվրոպական արտաքին քաղաքական ծառայության կայքում։

«Եվրամիությունը չի ճանաչում եւ չի ճանաչի այն իշխանությունը, որը ստեղծվել է Նիգերում խռովության հետեւանքով։ Նախագահ Բազումն ընտրվել է դեմոկրատական ճանապարհով, նա եղել եւ մնում է Նիգերի միակ լեգիտիմ նախագահը։ Նա պետք է ազատ արձակվի անվերապահորեն եւ անհապաղ»,- ասված է տեքստում, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ավելի վաղ Նիգերի զինվորականներն ազգային հեռուստատեսությամբ ելույթ ունենալով՝ հայտարարել էին, որ նախագահ Մոհամեդ Բազումը պաշտոնազրկվել է, սահմանները փակ են, հայտարարվել է պարետային ժամ։

 Դրանից առաջ նախագահական գվարդիայի զինվորականներն արգելափակել էին նախագահական պալատը երկրի մայրաքաղաք Նիամեյում։ Բազումի գրասենյակը հաստատել էր, որ բանակը չի աջակցել խռովարարներին, բայց ավելի ուշ ԶՈւ հրամանատարությունը հայտարարել էր, որ համերաշխ է նրանց հետ։ Բազումը կարգին է, իրեն լավ է զգում, «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է  Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահ Մուսա Ֆակի Մահամաթը։