«Ժառանգությունը» կառավարությունից պահանջում է անհապաղ քայլեր ձեռնարկել` սողանքի  հետեւանքով բոլոր անհայտ կորած անձանց ընտանիքներին  անհրաժեշտ  ու արժանապատիվ օգնություն կազմակերպելու նպատակով:

Այս բովանդակությամբ հաղորդագրություն է տարածել, «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանը:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հայաստանում հոկտեմբերի 3-ին տեղի ունեցավ բնական աղետ. սողանքի հետեւանքով մինչ օրս անհետ կորած է հինգ մարդ, որոնց դեռեւս սպասում են իրենց ընտանիքներում:

Շաբաթ օրն այցելեցի Սոսումատյան եղբայրների տուն, որտեղ նրանց տասը երեխաները, կանայք ու բոլոր հարազատները անորոշության ու շվարումի մեջ` չգիտեն իրենց անելիքն ու ասելիքը: Աննկարագրելի  վիճակ էր, չգտա  մխիթարանքի ու սփոփանքի  խոսքեր:

Փոխարենը խոր  ամոթ զգացի Կառավարության, Քանաքեռ-Զեյթուն համայնքի պատկան մարմինների` որպես պետության ներկայացուցիչների մարդկային տարրական վերաբերմունքի բացակայության պատճառով: Միթե նախագահի կամ վարչապետի   հանձնարարականն էր անհրաժեշտ (չնայած պետք է լիներ), որպեսզի պատկան մարմինները սեփական նախաձեռնությամբ այցելեին դժբախտության մեջ հայտնված ընտանիքներին, կամ մեծ ծա՞խս էր պահանջվում  նրանցից`  այցելելու, պետության ուշադրությանն արժանացնելու  ու առնվազն հոգեբանական  օգնություն կազմակերպելու համար: Սա պետության կողմից  մեր քաղաքացիների նկատմամբ աններելի, անթույլատրելի   անտարբերության հերթական օրինակն է:

«Ժառանգությունը» կառավարությունից պահանջում է անհապաղ քայլեր ձեռնարկել` սողանքի  հետեւանքով բոլոր անհայտ կորած անձանց ընտանիքներին  անհրաժեշտ  ու արժանապատիվ օգնություն կազմակերպելու նպատակով»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր` հոկտեմբերի 10-ին, ժամը 10.28-ին, սողանքի գոտում, հողազանգվածից դուրս են բերել անհետ կորածների ցուցակում նշվող Երեւանի բնակիչներ, Սորսումատյան եղբայրների` «Մերսեդես C 220» մակնիշի 27 ՕՍ 939 համարանիշի սեւ մարդատար ավտոմեքենան, որում  հայտնաբերվել է 2 դի: Ավտոմեքենայում գտնվել են 38-ամյա Արմեն եւ 47-ամյա Մեխակ Սորսումատյան եղբայրների դիերը: