Վերջին 3 ամիսներին, ՀԱՊԿ-ի շրջանակներում տեղի են ունեցել բավականին լուրջ իրադարձություններ, մասնավորապես, ստեղծվել են ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր: Այս մասին այսօր` հոկտեմբերի 10-ին, հայտարարել է ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը` հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ծրագրի մշակման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական եռամսյակային նիստի ժամանակ:
ԱԱԽ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ իր խոսքում, Ա. Բաղդասարյանն ասել է. «Նախ եւ առաջ տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների ոչ պաշտոնական գագաթաժողովը Ղազախստանում: Տեղի ունեցավ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի, ԱԳ նախարարների կոմիտեի եւ պաշտպանության նախարարների կոմիտեի նիստերը, որտեղ ընդունվեցին կարեւոր որոշումներ, որոնցից կցանկանայի առանձնացնել մի քանիսը: Առաջին` նախագահների ոչ պաշտոնական գագաթաժողովի շրջանակներում որոշում է ընդունվել ՀԱՊԿ կանոնադրության մեջ կատարել փոփոխություններ, եւ այսուհետեւ Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի եւ ՀԱՊԿ անդամ մյուս երկրների միջեւ ռազմական եւ քաղաքական համագործակցությունը էլ ավելի է սերտանալու այս կանոնադրական փոփոխությունների արդյունքում, որոնց շուրջ ձեռք է բերվել քաղաքական համաձայնություն: Երկրորդ` այսօր մենք արդեն կարող ենք արձանագրել, որ ՀԱՊԿ շրջանակներում կստեղծվի շուրջ 20 հազար հոգանոց օպերատիվ արձագանքման հատուկ ստորաբաժանումներ, որոնք կարող են օգտագործվել ՀԱՊԿ անդամ երկրներին սպառնացող վտանգների դեպքում: Երրորդ կարեւոր իրադարձությունն այն է, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում որոշում է կայացվել ստեղծել խաղաղապահ ուժեր: Մենք այսօր կարող ենք ասել, որ մոտ 3000 հոգանոց խաղաղապահ ստորաբաժանումներ կստեղծվեն ՀԱՊԿ-ի շրջանակներում, ինչը նույնպես կարեւոր նշանակություն ունի: Դրական ենք համարում նաեւ ռազմատեխնիկական համագործակցության խորացումը ՀԱՊԿ անդամ երկրների շրջանակներում, եւ մեր ռազմաքաղաքական դաշինքը կարծես ավելի միս ու արյուն է ստանում այս ընդունված որոշումների արդյունքում»:
Նիստի ընթացքում ՀՀ նախարարությունների եւ գերատեսչությունների կողմից ՀԱՊԿ շրջանակներում 2011թ. 3-րդ եռամսյակում իրականացված աշխատանքների վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել ԱԳ փոխնախարար Շ. Քոչարյանը, Էկոնոմիկայի փոխնախարար Գ. Բադալյանը եւ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ:




























