Տավուշի մարզի սողանքային գոտուց՝ շուրջ 20 մետր բարձրությամբ հողաշերտի տակից դուրս բերված «Մերսեդես C 220» ավտոմեքենան, որում եղել են Սորսումատյան եղբայրների դիակները, գտնվել է ծայրահեղ վնասված վիճակում:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքային գոտում փրկարարներն այսօր` հոկտեմբերի 10-ին, ժամը 10.28-ին, հողազանգվածից դուրս են բերել անհետ կորածների ցուցակում նշվող Երեւանի բնակիչներ, Սորսումատյան եղբայրների` «Մերսեդես C 220» մակնիշի 27 ՕՍ 939 համարանիշի սեւ մարդատար ավտոմեքենան, որում հայտնաբերվել են 38-ամյա Արմեն եւ 47-ամյա Մեխակ Սորսումատյան եղբայրների դիերը:

Նշենք, որ մինչ օրս փրկարարները ՀՀ ՊՆ ուղղաթիռի եւ քարշակի, ինչպես նաեւ «Հարավկովկասյան երկաթուղու» շարժական կռունկի օգնությամբ հողազանգվածից դուրս են բերել տարբեր մակնիշի ու բեռնատարողության 25 ավտոմեքենա:

Հոկտեմբերի 10-ին, ժամը 12.30-ի դրությամբ Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքի գոտում որոնողական աշխատանքներ են իրականացնում Լոռու մարզից 40, Տավուշի մարզից՝ 16, Գեղարքունիքից՝ 30, Արագածոտնից՝ 32, Երեւանից՝ 62 փրկարար, այնտեղ են նաեւ 6 մարդ ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայից եւ 2 պարամեդիկ:

Որոնողական աշխատանքներում ներգրավված են Այրումի եւ Սանահինի կայարանների անձնակազմերից 13, Հրազդան ՋԷԿ-ից 15 աշխատակից, Ախթալայի լեռնափրկարարական ջոկատից 5 լեռնափրկարար եւ 11 ոստիկան:

Ինժեներական տեխնիկայից սողանքի գոտում աշխատում են 1 կռունկ, 1 էքսկավատոր, 1 քարշակ եւ 3 բուլդոզեր: Տեղում հերթապահում է 3 բժիշկ եւ ճանապարհային ոստիկանության 2 մեքենա:

Աղետի գոտու անմիջական հարեւանությամբ գործում է ԱԻՆ օպերատիվ շտաբը՝ ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի գլխավորությամբ: Տեղում ստեղծված է նաեւ փոքր վրանային քաղաք՝ ապահովված անհրաժեշտ նվազագույն կենցաղային պայամաններով, որոնողական աշխատանքներին մասնակցող փրկարարների եւ կամավորների համար:

Այս պահին անհայտ կորած է համարվում 3 մարդ.  Լճկաձոր գյուղի բնակիչ, 72-ամյա Նորիկ Միրզոյանը, Վրաստանի քաղաքացի, 19-ամյա Արթուր Գուգենի Հակոբյանը, Վրաստանի քաղաքացի, 62-ամյա Գուրգեն Մովսեսի Հակոբյանը: