Հնդկաստանը պետք է թույլատրի արտահանել 1 միլիոն տոննա ոչ բասմատի պրեմիում բրինձ, որը նախընտրում են արտասահմանի հնդիկները, որոնք ամեն կերպ փորձում են իրենց ապահովել հիմնական սննդամթերքով այն բանից հետո, երբ Նյու-Դելին արգելեց արտահանումը, կառավարությանն է դիմել առաջատար առևտրական մարմինը, տեղեկացնում է Reuters-ը։
Հնդկաստանը, բրնձի աշխարհի ամենախոշոր արտահանողը, անցած ամիս զարմացրեց գնորդներին՝ արգելելով ոչ բասմատի սպիտակ բրնձի արտահանումը այն բանից հետո, երբ բրնձի մանրածախ գները մեկ ամսվա ընթացքում բարձրացան 3%-ով, ինչը հետևանք էր հորդառատ մուսոնային անձրևներից բերքի վնասման:
Արգելքը խուճապային գնումներ է առաջացրել բազմաթիվ երկրներում՝ ԱՄՆ-ից մինչև Կանադա և Ավստրալիա, որտեղ բնակվող հազարավոր հնդիկներ լցվել են մթերային խանութներ և մանրածախ ցանցեր՝ հիմնական ապրանքներ պաշարելու համար, ինչի պատճառով որոշ խանութներ գնման սահմանափակումներ են մտցրել:
Սոնամասուրի բրնձի գները, որը հիմնականում արտադրվում է հարավային Հնդկաստանում և սպառվում արտասահմանում ապրող հարավային հնդիկների կողմից, արգելքից հետո կտրուկ աճել են Հնդկաստանից դուրս, տեղեկացրել է Բրինձ արտահանողների ասոցիացիան երկուշաբթի կառավարությանն ուղղված նամակում:
Կառավարությունը պետք է սահմանի սոնամասուրի բրնձի բազային գինը 1000 դոլար մեկ մետրիկ տոննայի համար և արտահանման համար հատկացնի 1 միլիոն տոննա տարեկան քվոտա, ասվում է ասոցիացիայի նամակում:




























