Թուրքիայի պատմագիտական ընկերության հայկական հետզոտությունների բաժնի ղեկավար, պրոֆ. Քեմալ Չիչեքը թուրքական Haberturk-ին է ներկայացրել ԱՄՆ ազգային արխիվից հանած եւ 1920-ի հոկտեմբերի 4 ամսաթվով թվագրված նամակ, որտեղ նկարագրվում է՝ Սեւրի պայմանագրից հետո Կիլիկիայում ֆրանսիական զինվորների կողմից հայերի հանդեպ բռնություններ կիրառելու փաստերը:
Թուրքական պարբերականի փոխանցմամբ՝ Ամերիկայի Հայաստանի անկախության համար կոմիտեի նախագահ Արշակ Մահտեսյանը ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլոսոնին ուղղված նամակում կցել է իզմիրցի հայ քահանա Մուշեղ Սերոբյանի նամակը: Նշվում է, որ ամերիկահայերը ԱՄՆ նախագահին բողոքել են, թե Սեւրի պայմանագրի կնքումից հետո ֆրանսիացիները Կիլիկիայից 100 հազար հայ են տարհանել եւ բնակեցրել թուրքերին:
«Ֆրանսիացիները ստիպում էին, որ հայկական ճամբարներում գտնվող 14 հազար հայերը հեռանային: Իսկ երբ հայերը մերժել են այդ առաջարկը, ֆրանսիացի զինվորները հրազենի փողերն ուղղել են հայերի դեմ: Հայ ազգային կոմիտեն միջամտել է եւ կանխվել է ֆրանսիացիների կողմից հայերի կոտորածները»,-նշվում է նամակում:
Թուրք պրոֆեսորը նշում է, թե հայերն ու ֆրանսիացիները համատեղ են գրավել Կիլիկիան՝ այնտեղ հայկական թագավորություն ստեղծելու համար, սակայն ֆրանսիացներն ավելի ուշ զենքերն ուղղեցին հայերի դեմ՝ ստիպելով նրանց զինաթափվել եւ հեռանալ: Պրոֆ. Չիչեքը նշում է, որ հայտնաբերած 2 էջանոց փաստաթղթում ներկայացված է հայերի բողոքն ընդդեմ Ֆրանսիայի: «Պատմության ընթացքում ֆրանսիացիները Միջին Արեւելքում իրենց շահերի համար օգտագործել են հայերին: Հիմա էլ իրավիճակը նույնն է»,-նշել է թուրք պրոֆեսորը:




























