Պացիենտների թիվը, որոնք Բանգլադեշում մահացել են դենգե տենդով վարակվելուց հետո, տարեսկզբից հասել է 273-ի։ Երկրի առողջապահության ծառայության գլխավոր վարչության այսպիսի տվյալներ է ներկայացրել «Սինհուա» գործակալությունը։
Հուլիսի 26-ին վարչությունը տեղեկացրել էր 215 մահացածի մասին։
Գերատեսչության վիճակագրության համաձայն՝ հունվարից Բանգլադեշում գրանցվել է 57 127 հիվանդացած, ապաքինվածների թիվը կազմել է 47 529։ Տեղի առողջապահության ոլորտի փորձագետները հավաստիացրել են, որ տենդն արդեն հասել է բարձրակետին եւ համաճարակի մակարդակի՝ չնայած կառավարությունը դա պաշտոնապես չի հաստատում։
Վարակի տարածմանը նպաստում են Բանգլադեշում շարունակվող մուսոնային անձրեւները։ Տենդով հիվանդների աճը շարունակվում է՝ չնայած իշխանությունների ուժեղացված միջոցներին մոծակների բազմացման եւ դրանց թրթուրների դեմ պայքարի ակտիվացման ուղղությամբ։
2022թ. Բանգլադեշում դենգեից մահացել է 281 մարդ։ Վիրուսով վարակված է եղել 62 423 բնակիչ։
Դենգե տենդը գերակշռում է արեւադարձային են ենթաարեւադարձային կլիմա ունեցող երկրներում։ Վիրուսի փոխանցողներն են էգ մոծակները։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նշել է, որ վերջին տարիներին դենգեն սկսել է ավելի արագ տարածվել ԱՀԿ բոլոր տարածաշրջաններում։ Վարակի դեպքերի թիվը գնահատվում է ամեն տարի 100 -400 մլն-ի մակարդակի։ ԱՀԿ տվյալներով՝ 80 տոկոս դեպքերում, որպես կանոն, հիվանդությունն ընթանում է թեթեւ կամ անախտանշան։ Բայց վիրուսը կարող է առաջ բերել սուր գրիպանման հիվանդություն, որը կարող է վերաճել մահացու բարդության։





























