«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ուշագրավ անակնկալ է մատուցել գյումրեցի մանկավարժներին իրենց մասնագիտական տոնի առթիվ:
Երկու օր առաջ, երբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Գյումրիում էր, հայտարարեց, որ իր՝ Գյումրի այցելության նպատակն է շնորհավորել մանկավարժներին իրենց մասնագիտական տոնի առթիվ: Նա նաեւ ասել էր, որ անակնկալ ունի մանկավարժների համար, որը չի կամենում բարձրաձայնել լրատվամիջոցների առաջ:
NEWS.am-ի Գյումրիի թղթակիցը փորձել է 2 օր անց հետաքրքրվել, թե ինչ անակնկալի մասին է խոսքը: Պարզվում է Գագիկ Ծառուկյանը Գյումրիի բոլոր դպրոցներին տորթեր է ուղարկել՝ մանկավարժների մասնագիտական տոնի առթիվ, իսկ տորթերը մակագրված են եղել «ԲՀԿ» տարբերանշանով: Գյումրեցի ԲՀԿ-ականները շրջել են բոլոր դպրոցներով, մանկավարժներին հավաքել, ասել, որ տորթն անակնկալ է Գագիկ Ծառուկյանի կողմից, ապա կտրել եւ հյուրասիրել են, ուտելուց հետո էլ նկարահանել են՝ բացատրելով, որ իրենց այդ կադրերն անհրաժեշտ են գովազդային հոլովակ պատրաստելու համար:




























