Ադրբեջանը եվրոպական կառույցներում ինչպիսի խիստ քննադատության էլ արժանանա, իր երկրում դա ներկայացնում է դրական տոնայնությամբ։ Այդ մասին հոկտեմբերի 11-ին, լրագրողներին հետ զրույցում նշել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության նախագահ Դավիթ Հարությունյանը` նկատելով, որ դա հայտնի գործելաոճ է։

«Հայտնի գործելաոճ է, ինչպիսի քննադատության էլ արժանանան, Ադրբեջանում դա ներկայացնում են դրական տոնայնությամբ։ Դա բնական է, հատկապես եթե ընդդիմության ներկայացուցիչ չկա պատվիրակության կազմում, ընդդիմադիր ներկայացուցիչները նշանակովի են։ Եւ որեւէ այլ կարծիք լինել չի կարող»,- նշեց Հարությունյանը։

Վերջինիս կարծիքով, Ադրբեջանը չի խորշում լոբբիստական գործունեությունից նման կառույցում, ինչն առնվազն զավեշտ է, երբ ժողովրդավարության հարցերով զբաղվող կառույցում զբաղվում են լոբիստական գործունեությամբ։ Դավիթ Հարությունյանի խոսքով, ԵԽԽՎ-ում էլ զայրացած են նման վիճակից եւ բազմիցս բարձրացրել են լոբբիստական գործունեության անթույլատրելիության հարցը։

Նաիրա Զոհրաբանն իր հերթին նկատել է, որ  ԵԽԽՎ-ում հատկապես այս աշնանային նստաշրջանում բազմիցս քննադատել են Ադրբեջանին, որպես ոչ ժողովրդավարական երկրի, որը թույլ չի տալիս համազեկուցողի մուտքն իր տարածք։