Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի N զորամասում ժամկետային զինծառայող Վլադիմիր Ասատրյանի ինքնասպանության փաստով ձերբակալվել են երկու ժամկետային զինծառայողներ: Այդ մասին NEWS.am-ին հայտնի է դարձել իր հավաստի աղբյուրներից:
Այդուհանդերձ, Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական վարչությունն առայժմ հերքում է որեւէ անձի ձերբակալման մասին տեղեկությունը: ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը NEWS.am-ին հայտնեց, որ ընթանում է քննություն, գործով դեռ ձերբակալվածներ չկան:
Մեր աղբյուրը նշեց, որ գործով ձերբակալվել են Վլադիմիր Ասատրյանի երկու ծառայակիցները, սակայն նրանց անունները գաղտնի են պահվում: Վերջիններիս ձերբակալել են, քանի որ նրանց անունները զինվորն ինքնասպանությունից առաջ գրել էր իր ձեռքի ափին:
Ըստ տեղեկությունների, նրանց միջեւ վիճաբանություն է եղել մարտական դիրքերում հերթապահության ժամանակ, եւ երկու զինծառայողները հայհոյել եւ անպատվել են Ասատրյանին:
Վերջինս պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ, հոկտեմբերի 9-ին ժամը 10.40-ի սահմանում իրեն ամրակցված ԱԿՄ տիպի ինքնաձիգով ինքնասպանություն է գործել` նախապես ձեռքի ափում գրելով ծառայակիցների անունները: Վլադիմիր Ասատրյանը պաշտպանության բանակ էր զորակոչվել Արարատի մարզի Խարբերդ գյուղից:


























