Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, թե կառավարությունը համապատասխան հայեցակարգ է մշակել, ըստ որի, Հայաստանի համար առաջնահերթություններից մեկը մարզերի համաչափ զարգացումն է, լայն արձագանք է գտել Գյումրիում:
Մասնագետները քննարկում են, թե ինչ է հնարավոր անել, որպեսզի ապահովվի մարզերի համաչափ զարգացումը: Շիրակի մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանի կարծիքով անհրաժեշտ է կառավարությունը Երեւանից տարածել դեպի մարզեր:
«Մի ժամանակ, երեւի 2-3 տարի առաջ էր, խոսք էր գնում մշակույթի նախարարությունը Գյումրի բերելու մասին, սակայն նախարարը նեղսրտել էր, դե բնական է ոչ ոք էլ չի ուզենա մարզերում աշխատել, սակայն նախարարությունների՝ մարզեր տեղափոխումը շատ բան կտա: Օրինակ այդ աուրան, շարժը կգա նաեւ Գյումրի»,-ասել է Հասմիկ Կիրակոսյանը, հավելելով, որ ինքը ոգեւորված է, որ այդ մասին ՀՀ նախագահն է խոսում:
Նրա ներկայացմամբ, անգամ Արցախում կառավարումն ավելի ապակենտրոնացված է, քան` Հայաստանում:«Ես նոր եմ վերադարձել Արցախից, որտեղ որոշել են 2 նախարարություններ, որոնցից մեկը Մշակույթի նախարարությունը, Ստեփանակերտից տեղափոխել Շուշի»,- նշել է նա:Իսկ փորձագետ Աշոտ Միրզոյանի համոզմամբ՝ պետք է անգամ ստիպողաբար «չինովնիկներին» գործուղել մարզեր:
«Ժամանակին Պետրոս Առաջինը չինովնիկներին ստիպողաբար, ծեծելով գործուղում էր Լենինգրադ, նա արդյունքի հասավ»,-ասել է փորձագետ Աշոտ Միրզոյանը: Նրա հավաստմամբ՝ հարեւան Վրաստանն ու Ադրբեջանն անգամ ավելի լավ են ապահովում երկրի ապակենտրոն կառավարումը, քան` Հայաստանը:
Փորձագետը համոզված է, որ տրանսպորտի նախարարությունն ուղղակի անհրաժեշտ է տեղափոխել Գյումրի, քանի որ բոլոր անհրաժեշտ պայմանները առկա են:




























