Հայաստանի ՊՆ քննչական ծառայությունը նոր մանրամասներ է հաղորդել ԼՂՀ-ի N զորամասում եֆրեյտոր Վլադիմիր Ասատրյանի մահվան կապակցությամբ:

Հայաստանի ՊՆ քննչական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հոկտեմբերի 9-ին, ժամը 10:40-ի սահմաններում ԼՂՀ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Վլադիմիր Անդրանիկի Ասատրյանը զորամասի պահպանության մարտական դիրքում իրեն ամրակցված ինքնաձիքով ինքնասպանություն գործելու փաստի առթիվ, ՀՀ ՊՆ քննչական ծառայության երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 110 հոդ. 1-ին մասով հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն:

«Այս պահի դրությամբ պարզված է այն անձանց շրջանակը, որոնք կարող են առնչություն ունենալ Վլադիմիր Ասատրյանին ինքնասպանության հասցնելու հետ:

Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ, ինչպես նաեւ ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Քրեական գործով նշանակվել են մի շարք փորձաքննություններ, ստուգվում են փաստական տվյալները, որոնք կարող են հիմք հանդիսանալ քրեական պատասխանատվության ենթակա անձանց մեղադրանք առաջադրելու համար:

Միաժամանակ հայտնվում է, որ Վ. Ասատրյանի ձախ ձեռքի վրա կատարված գրառման մեջ որեւէ սպայի անուն նշված չի եղել:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի ՊՆ քննչական վարչությունն առայժմ ոչ հերքում, ոչ էլ հաստատում է մամուլում հրապարակված տեղեկությունը, թե Լեռնային Ղարաբաղի «Եղնիկներ» զորամասում Արթիկից զորակոչված մի զինվորի նկատմամբ սեռական բռնություններ են գործադրվել:

ՀՀ ՊՆ քննչական վարչության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը NEWS.am-ի թղթակցին հայտնել էր, որ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: «Այդ փաստը կարող ենք հաստատել միայն դատաբժշական փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո: Եզրակացությունը դեռ չունենք, չենք կարող ասել` նման բան կա, թե ոչ»,- նշեց նա` հավելելով, որ գործով առայժմ ձերբակալվածներ չկան:

Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների` մի քանի զինծառայողներ ծեծել, ծխախոտ են հանգցրել զինվորի վրա, անգամ սեռական բռնության ենթարկել, եւ վերջինս այժմ գտնվում է հոգեբուժարանում: