Ազգային Ժողովի հանրապետական պատգամավոր, «Նովո» մականունով Նահապետ Գեւորգյանը պատկանում է այն «ազգընտիրների» թվին, որոնք խնդիրներ ունեն լրագրողների հետ խոսելիս եւ չեն կարողանում զսպել իրենց:
Այս անգամ էլ, երբ NEWS.am-ի թղթակիցն է փորձել պատգամավորից մեկնաբանություն ստանալ նախօրեին Արմավիրում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, պատգամավորը կրկին բորբոքվել է եւ իրեն բնորոշ ոճով արտահայտություններ է արել:
Նշենք, որ հոկտեմբերի 11-ի ուշ երեկոյան, Արմավիրի ավտոկայանում հավաքվել էին «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի վարորդները, որոնք պատմել էին, թե պատգամավորի որդին ու եղբորորդին բռնություններ են գործադրել իրենցից մի քանիսի նկատմամբ` արգելելով ուղեւորափոխադրումներ իրականացնել: Նշվում էին Նահապետ Գեւորգյանի որդու` Արտակի եւ եղբորորդու` Բագրատի անունները:
«Էդ բոլորը սուտ ա, սուտ խոսակցություններ են, նման բան չի եղել»,- նշեց պատգամավորը:
Դիտարկմանը, թե վարորդները նշել են, որ իրեն պատկանող ընկերությունը ապօրինաբար փորձում է իրականացնել Արմավիր-Երեւան ուղեւորափոխադրումները, Նահապետ Գեւորգյանը պատասխանեց. «Երեւի տեղը չես բերում, թե ում հետ ես խոսում: Ես ի՞նչ կապ ունեմ, արա, տեղափոխման հետ, սարքավորումների հետ, չգիտեմ, գծի հետ: Ղալաթ են անում իրենք` տենց բաներ են ասում: Սկսի՞ք էլի, արա, ձեր քաղաքական խաղերը» ու անջատեց հեռախոսը:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Արմավիր- Երեւան ճանապարհին` Արմավիր քաղաքից ոչ հեռու հոկտեմբերի 11-ին` ժամը 18-ի սահմաններում անհայտ անձինք խոչընդոտել են Արմավիր-Երեւան գիծը սպասարկող «ԳԱԶել» մակնիշի 0279Լ պետհամարանիշի ավոտմեքենայի աշխատանքը` դուրս բերելով եւ ծեծի ենթարկելով վարորդին եւ ձեռքից վերցնելով մեքենայի բանալիները: Վարորդը պատմել էր, որ իրեն իջեցրել են մեքենայից, ապտակել, կոտրել մեքենայի փականը:
Ըստ վարորդների, ժամը 18:00-18:30-ի սահմաններում, երկու ավտոմեքենա կտրել են նաեւ նույն երթուղին սպասարկող ավտոբուսի ճանապարհը հենց Արմավիրի ավտոկայանում, հայտարարելով, որ «ավտոբուսը ոչ մի տեղ չպետք է գնա»: Վարորդները տեղեկացրել էին, որ իրենց աշխատանքը խոչընդոտել են պատգամավոր Նովոյի` ԱԺ պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդին` Արտակը եւ եղբորորդին` Բագրատը:
Արմավիր-Երեւան երթուղային գիծը սպասարկում է «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ն, որի տնօրեն Հարություն Պետրոսյանը տեղեկացրեց, որ ընկերությունը տվյալ երթուղին սպասարկելու մրցույթում հաղթել է 2009 թվականին, եւ երթուղին սպասարկելու լիցենզիան տրված է մինչեւ 2013 թվականը: «Խնդիրն այն է, որ իրենք Հոկտեմբեր գյուղի տենդերն են շահել, եւ երթուղայինները պետք է Նորապատով գնան, բայց գալիս են Արմավիրի ավտոկայան, եւ ուզում են մեքենաներն աշխատեցնեն Արմավիր- Երեւան երթուղում»,- ասել էր Պետրոսյանը:




























