Հայաստանի պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական կլինիկական զինվորական հոսպիտալից հրաժարվում են տեղեկություներ հայտնել իրենց մոտ բուժվող զինվորների մասին: Մասնավորապես NEWS.am-ը փորձում էր հոսպիտալի տնօրեն Միքայել Միքայելյանից տեղեկություններ ստանալ ԼՂՀ «Եղնիկներ» զորամասից օրերս իրենց մոտ տեղափոխված զինվորի մասին, որին ծառայակիցները ստորացրել էին:
Խոսքը Արթիկից զորակոչված ժամկետային զինծառայողի մասին է, ում դաժան ծեծի էին ենթարկել, ծխախոտ հանգցրել նրա վրա: Ըստ մամուլի որոշ հրապարակումների` նրա նկատմամբ նաեւ սեռական բռնություններ էին կիրառվել, սակայն պաշտպանության նախարարությունը ավելի ուշ հերքեց այդ տեղեկությունը:
Օրեր առաջ Հայաստանի ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որում նշել էր, թե ԼՂՀ Պաշտպանության բանակի «Եղնիկներ» զորամասում զինծառայողների միջեւ ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում միջադեպ է գրանցվել: ՊՆ քննչական ծառայության 3-րդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 359 հոդվածի առաջին մասով (Զինծառայողների փոխհարաբարերությունների կանոնագրքային կանոնները խախտելը, նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայությամբ դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրանց ծաղրի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություններով): Կատարվում է նախաքննություն:
Զինվորը խոշտանգումների հետեւանքով ներկայումս «սուր փսիխոզ» ախտորոշմամբ գտնվում է հոսպիտալում: Նրա հայրը` Մկրտիչ Մկրտչյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տարօրինակ է համարել, որ այս գործով դեռ որեւէ մեկը չի ձերբակալվել:
Նախնական տեղեկություններով` զորամասում ծառայակիցները ստորացրել են զինվորի արժանապատվությունը, բռնության եւ ծաղրուծանակի են ենթարկել երիտասարդին, նույնիսկ ծխախոտ են հանգցրել մարմնին: Այդ զինծառայողների շրջանակը հայտնի է, բայց նրանք դեռ ազատության մեջ են:
Հայրը, ով տեսել է որդուն հոսպիտալում, այսպես է նկարագրել նրա վիճակը. «Անտանելի վիճակ, կապույտ… ձեռքերը ծխախոտով վառած, ականջը լրիվ ցխած, հույս չունեմ, թե ականջը կվերականգնվի, ոտքերը` վերք, կապույտ ու սրտից է բողոքում, ասում է` քացով միշտ սրտիս էին խփում»:
Հայրը միջադեպի մասին իմացել է սեպտեմբերի 27-ին, թեեւ դեպքն ավելի շուտ է եղել:
«Զինվորական գրքույկը վերցրել, գցել են զուգարանը, տղես էլ ասել է` թե ի՞նչ եք անում, տղերք, նման բան անո՞ւմ են, դա իմ պատիվն է, պիտի տանեմ, ցույց տամ, որ ես ծառայել եմ «ու էդ կռիվը սկսվել է», - պատմել է Մկրտիչ Մկրտչյանը:
«Սա բանակ չէ, բանակի վիճակ չէ: Տանջվելով երեխա եմ մեծացրել, որ տանեն խելա՞ռ սարքեն կամ դիա՞կ տան ձեռքս: Աֆիցերներներին փողով մատակարարում են, որ իրենց էրեխեքը բանակում ինչ այլանդակություն, ինչ ստորություն ասես անեն», - ասել է զայրացած հայրը:
Պաշտպանության նախարարությունից փոխանցել են, որ առաջիկայում հնարավոր է այս գործով ձերբակալություններ լինեն:


























