Վարշավայի Շոպենի օդանավակայանը տարհանվել է նռնակի պատճառով, որը Հարավաֆրիկյան Հանրապետության քաղաքացին փորձում էր մաքսանենգ ճանապարհով տեղափոխել։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Լեհաստանի սահմանապահ ծառայության մամուլի քարտուղար Աննա Միխալսկայան։

«Սահմանապահները Շոպենի օդանավակայանում ձերբակալել են Հարավաֆրիկյան Հանրապետության մի քաղաքացու, ով ցանկանում էր թռչել Դուբայ: Ստուգման ժամանակ օդանավակայանի անվտանգության աշխատակիցը նրա ձեռքի ուղեբեռում հայտնաբերել է չորս փամփուշտ»,- ասել է Միխալսկան։

«Դրա հիման վրա կատարվել է ստուգված ուղեբեռի խուզարկություն։ Մեր սպաները դրա մեջ մի առարկա են հայտնաբերել, որը նման է նռնակի։ Բոլոր իրերն առգրավվել են պիրոտեխնիկների կողմից»,- հավելեց նա: Սահմանապահ ծառայության ներկայացուցիչները հայտնել են, որ նռնակի հայտնաբերումից հետո օդանավակայանից տարհանվել է 400 մարդ։

Տղամարդուն բերման են ենթարկել։ Նա կտեղափոխվի դատախազություն։