Իտալիայում հայտնի Ամարենա անունով գորշ արջը սպանվել է հրազենից Աբրուցո, Լացիո և Մոլիզե շրջանների ազգային արգելոցի մոտ, որի ոչ պաշտոնական խորհրդանիշն էր երկար տարիներ, ՌԻԱ Նովոստիին է հայտնել   բնապահպանական այս հաստատության տնօրեն Լուչանո Սամարոնեն։

«Ողբերգությունը տեղի է ունեցել հինգշաբթի ուշ երեկոյան Սան Բենեդետո դեի Մարսի գյուղի ծայրամասում, որը գտնվում է մեր արգելոցի սահմաններից  դուրս։ Տեղի բնակիչներից մեկը հրազենով կրակել է արջի վրա և մահացու վնասվածք պատճառել նրան։ Երբ մեր աշխատակիցները ժամանել են դեպքի վայր, անասնաբույժին այլ բան չի մնացել, քան արձանագրել կենդանու մահը։ Ամարենայի դին տեղափոխվել է  Տերամո քաղաքի Կենդանիների կանխարգելման  ինստիտուտ, որտեղ կիրականացվի դիահերձում»,- ասել է նա։

Ըստ Սամարոնեի, շտապ արտակարգ դեպքի վայր են ժամանել կարաբիներները, ովքեր առանց դժվարության հայտնաբերել են կրակողին։ Տեղի ոստիկանության բաժանմունքում նա մանրամասն հարցաքննվել է դեպքի բոլոր հանգամանքների վերաբերյալ։

«Կարաբիներներն այժմ աշխատում են տեղի ունեցածի դինամիկան պարզելու ուղղությամբ: Ես չգիտեմ, թե որոնք են եղել Ամարենային սպանած մարդու դրդապատճառները, միայն ընդգծեմ, որ ամեն դեպքում դա անընդունելի է։ Եթե ​​կենդանուց վախեցած եք, միշտ կարող եք դիմել ոստիկանություն, զանգահարել արգելոցի աշխատակիցներին, որոնք անպայման արագ միջոցներ կձեռնարկեն։ Ի դեպ, նման դեպքեր եղել են․ մարդիկ զանգահարել են մեզ, և մեր աշխատակիցներն անմիջապես ուղևորվել են դեպքի վայր»,- նշել է տնօրենը։

Նրա վկայությամբ, Ամերենան բավականին հաճախ է հայտնվել ազգային արգելոցի  մերձակայքում գտնվող բնակավայրերում։ Արջը հանգիստ և շփվող բնավորություն ուներ, երբեք ագրեսիա չէր ցուցաբերում մարդկանց նկատմամբ։ Ավելին, տեղացիները նրան լավ էին ճանաչում և համարում էին արգելոցի ոչ պաշտոնական խորհրդանիշը։ Սոցցանցերում կան բազմաթիվ սիրողական տեսանյութեր, որոնք արձանագրել են բարեսիրտ կենդանու հանրության առաջ հայտնվելու պահերը։ Դրանցից վերջինը տեղադրվել է երեքշաբթի օրը, երբ Ամերենան իր երկու ձագերի հետ քայլել է Սան Սեբաստիանո դեի Մարսի քաղաքի փողոցներով։

«Իսկական դրաման կապված է Ամարենայի ձագերի ճակատագրի հետ, որոնք ծնվել են մոտ ութ ամիս առաջ։ Երբ տղամարդը կրակ է բացել նրանց մոր վրա, նրանք դիմել են փախուստի, և մենք դեռ չենք կարողացել ճշտել նրանց գտնվելու վայրը։ Սա տարածք է, որտեղ կան բազմաթիվ գյուղատնտեսական շինություններ և հանդավայրեր։ Նորածիններին լուրջ վտանգ է սպառնում, այդ թվում՝ թափառող շներից»,- ասել է աղբյուրը։

Սամարոնեն ասել է, որ արգելոցի աշխատակիցները խայծով վանդակներ են տեղադրել Ամարենայի սպանության վայրի մոտ՝ հուսալով, որ ձագերը կվերադառնան այնտեղ՝ իրենց մորը փնտրելու համար: Սակայն եթե անգամ կենդանիները գտնվեն, նրանց բռնելը շատ դժվար կլինի։ Բանն այն է, որ նրանց նկատմամբ չի կարելի կիրառել, այսպես կոչված, «տելենարկոզի» մեթոդը (հեռավորությունից անզգայացնող դեղամիջոց կրակելը),  քանի որ նրանք դեռ շատ փոքր են և կարող են սատկել։