Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ քննարկել է հացահատիկի գործարքը և Սիրիայի հարցով գործընկերությունը։ Այս մասին սեպտեմբերի 1-ին լրագրողներին են հայտնել  պաշտպանության գերատեսչությունում, տեղեկացնում է Regnum-ը։

Երկու նախարարների հանդիպումը կայացել է Մոսկվայում։ Շոյգուն նշել է, որ այն ժամանակ, երբ Ֆիդանը ղեկավարում էր Թուրքիայի անվտանգության ծառայությունը,  հաջողվել է շատ անհրաժեշտ և օգտակար բաներ անել Ռուսաստանի, Թուրքիայի և ամբողջ աշխարհի համար։

Պաշտպանության նախարարության ղեկավարն ընդգծել է, որ Ռուսաստանը գործադրել է բոլոր ջանքերը հացահատիկի գործարքը պահպանելու համար։ Թուրքիայի նախագահ Էրդողանի նախաձեռնած համաձայնագիրը դադարեցվել է ոչ Մոսկվայի մեղքով։

«Եվ այստեղ մենք կարող ենք միայն մեկ բան ասել, որ եթե այն ամենը, ինչ խոստացվել է Ռուսաստանին, կատարվի, ապա գործարքը կերկարաձգվի»,- ասել է Շոյգուն։

Նա հավելել է, որ Ռուսաստանը նախատեսում է շարունակել ռազմավարական երկկողմ համագործակցությունը Թուրքիայի հետ՝ տարբեր խնդիրների լուծման համար։ Դա  Սիրիայի հարցով աշխատանքն է, Անկարայի ու Դամասկոսի փոխհարաբերությունների հաստատումը Ռուսաստանի և Իրանի մասնակցությամբ։

Օգոստոսի 31-ին Մոսկվայում բանակցություններ են տեղի ունեցել Ֆիդանի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջև։ Թուրք նախարարն ասել է, որ հանդիպումը նախապատրաստություն էր երկու երկրների ղեկավարների՝ Պուտինի և Էրդողանի  բանակցությունների համար։