Իրաքի բազմազգ Քիրքուկ քաղաքում կիրակի չեղարկվել է պարետային ժամը, որը մտցվել էր այն բանից հետո, երբ բողոքի ցույցերը վերածվել էին բռնության, որոնց արդյունքում չորս մարդ էր զոհվել, հայտնում է AFP-ն:
Վարչապետ Մոհամեդ Շիիթ ալ-Սուդանին շաբաթ երեկոյան պարետային ժամ էր սահմանել այն բանից հետո, երբ հակառակորդ բողոքի ցույցերը՝ մի կողմից քուրդ բնակիչների և մյուս կողմից թուրքմենների ու արաբների միջև, վերաճել են մահաբեր անկարգությունների՝ չնայած անվտանգության ուժերի ներկայությանը:
Շուրջ մեկ շաբաթ լարվածություն է հասունանում հյուսիսային Քիրքուկ քաղաքում, որը պատմականորեն վեճի առարկա է Բաղդադի դաշնային կառավարության և հյուսիսում գտնվող Քրդստանի ինքնավար շրջանի իշխանությունների միջև:
«Պարետային ժամը չեղարկվել է, - AFP-ին ասել է Քիրքուքի ոստիկանապետ գեներալ Կավա Ղարիբը:- Այժմ ամբողջ քաղաքում իրավիճակը կայուն է»։
Սուդանին կոչ է արել ստեղծել միջադեպը հետաքննող հանձնաժողով։
Շաբաթ օրը տեղի ունեցած անկարգությունների ժամանակ 4 քուրդ է սպանվել և 15 մարդ վիրավորվել է, համաձայն վերջին տվյալների, որոնք կիրակի օրը հրապարակել է տեղի ոստիկանության ներկայացուցիչ Ամեր Շուանին:
Առողջապահության ներկայացուցիչները հայտնել են, որ չորս զոհերից առնվազն երեքը գնդակահարվել են, սակայն հայտնի չէ, թե ով է մեղավոր:
Օգոստոսի 28-ին արաբ և թուրքմեն ցուցարարները նստացույց էին կազմակերպել Իրաքի անվտանգության ուժերի կենտրոնակայանի մոտ՝ Քիրքուք նահանգում, այն բանից հետո, երբ ԶԼՄ-ները հաղորդել են, որ Սուդանը հրամայել է տարածքը հանձնել նախկինում այն գրաված Քրդստանի դեմոկրատական կուսակցությանը (ՔԴԿ):





























