Մարտակերտի զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքերում, հոկտեմբերի 9-ին, հերթապահություն իրականացնելու ժամանակ մահացած ժամկետային զինծառայող Վլադիմիր Ասատրյանի հարազատները չեն հավատում պաշտոնական` «ինքնասպանության» վարկածին:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, վրդովված հարազատները նշում էին, որ թեեւ չեն հավատում արդարությանը, սակայն պահանջելու են, որ Վլադիմիրի վրայից հանեն ինքնասպանի պիտակը, որն իրենց բնութագրմամբ հավասարազոր է դավաճանության: Հարազատները նաեւ վստահ են, որ Վլադիմիրը չէր կարող նման քայլի դիմել:

«Մոտ տաս օր առաջ ենք տեսել իրեն, ուրախ էր: Ինչո՞ւ պետք է ինքնասպան լիներ»,- ասում են նրանք ու հավելում, որ Վլադիմիրին ստիպել են ինքնասպան լինել:

«Ինքնասպանություն ա եղել, մենք երեխային վերցրել ենք, հանձնել ենք հողին, միայն դա գիտենք, ուրիշ բան չգիտենք: Գործով զբաղվում են բարձրագույն մարմինները, միայն դա գիտենք, գնացեք դիմեք դատախազություն, թող ձեզ ասեն` ինչն է եղել պատճառը: Երեխայի մարմինը մենք տեսել ենք դագաղի մեջ, չգիտենք վրան կապտուկներ եղել են, թե` ոչ»,- նշեց հարազատներից մեկը:

Նույնիսկ էգնահողի օրը Վլադիմիր Ասատրյանի մայրը տանը չէր, քաղաքացիական ամուսնու հետ գնացել էր Պաշտպանության նախարարություն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի Մատաղիսի զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում 19-ամյա զինծառայող Յուրիկ Գեւորգի Ներսիսյանի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ քր.օր.-ի 110 հոդվածի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը): Պաշտոնական վարկածով, հոկտեմբերի 12-ին, ժամը 12.40-ի սահմանում հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ, իրեն ամրակցված զենքով ինքնասպանություն է գործել ժամկետային զինծառայող, 19-ամյա Յուրիկ Գեւորգի Ներսիսյանը:

Վերջինս ԼՂՀ պաշտպանության բանակ էր զորակոչվել Շենգավիթի զինկոմիսարիատից: Նախնական տեղեկություններով, նա հրազենային վնասվածք է ստացել դնչի հատվածում: Մեր աղբյուրը հայտնել էր, որ դեպքից քիչ առաջ վիճաբանություն է եղել Յուրիկ Ներսիսյանի եւ մարտական հենակետում գտնվող ծառայակիցների միջեւ: Վերջիններս ծեծել եւ ստորացրել էին զինվորին:

Նշենք, որ հոկտեմբերի 9-ին էլ Մարտակերտի զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ, իրեն ամրակցված ԱԿՄ տիպի ինքնաձիգով ինքնասպանություն էր գործել ժամկետային զինծառայող, Խարբերդի 19-ամյա բնակիչ Վլադիմիր Անդրանիկի Ասատրյանը: Նա մահվանից առաջ ձեռքի ափի մեջ գրել էր իրեն ծեծած եւ նվաստացրած զինծառայողների անունները: Մեր տեղեկություններով, գործով ձերբակալվել են երկու ժամկետային զինծառայողներ: