Facebook-ում ստեղծված «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնությունը կազմակերպում է հերթական բողոքի ակցիան, որը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին: Այս առնչությամբ նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է.
«Վերջին 5 օրում եւս երեք զինվոր է «ինքնաՍՊԱՆՎԵԼ» ՀՀ բանակում:
Հոկտեմբերի 8- ին, Սերժ Սարգսյանը ստորագրել է 2011թ. աշնանային զորակոչի մասին հրամանագիրը:
Վերջին զոհերը`
Հոկտեմբերի 9- Վլադիմիր Ասատրյան, 19 տարեկան, Խարբերդ
Հոկտեմբերի 12- Յուրիկ Ներսիսյան, 19 տարեկան, Խարբերդ
Հոկտեմբերի 13- Արամ Մելքոնյան, 21 տարեկան, Երեւան
Այս ցուցակը աճում է ժամ առ ժամ: Պետք է հենց հիմա քայլեր ձեռնարկել` դա կանխելու համար: Գերագույն գլխավոր հրամանատարը պարտավոր է երաշխիքներ տալ, որ մեր զորակոչված ԲՈԼՈՐ որդիները տուն են վերադառնալու ողջ եւ առողջ:
Հոկտեմբերի 14-ին, 13:00 կկայանա բողոքի ցույց ՀՀ նախագահի նստավայրի մոտ»:
Իրադարձության էջը` http://www.facebook.com/event.php?eid=298037030223095
Նշենք, որ ակցիան կազմակերպվել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Իջեւանի զորամասում գրանցվել է հերթական մահվան դեպքը:
NEWS.am-ի տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել Իջեւանի զորամասում, հոկտեմբերի 13-ին, ժամը 15-ի սահմաններում, իսկ մահացողը ժամկետային զինծառայող, 21-ամյա շարքային Արամ Աշոտի Մելքոնյանն է: Նա Երեւանի բնակիչ էր, զորակոչվել էր 2011թ. առաջին զորակոչի ժամանակ, Նոր Նորքի զինկոմիսարիատից:
Լուսանկարը՝ «Ազատություն» ռ/կ-ի




























