Թերթը գրում է, որ 19-ամյա զինծառայող Ժորա Մկրտչյանը, ով Թալինի շրջանի Լուսական գյուղից է զինծառայության մեկնել Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակ, անցած ամիս տեղի ունեցած խոշտանգումների հետեւանքով ներկա պահին գտնվում է Երեւանի կայազորի հոսպիտալում` սուր փսիխոզ ախտորոշմամբ: Վերջինս նախ վնասվածքներով տեղափոխվել է զորամասի բուժկետ, հետո` Ստեփանակերտի հոսպիտալ, այնուհետեւ` Երեւան:

Երեկ թերթը զրուցել է տղայի հոր՝ Մկրտիչ Մկրտչյանի հետ, ով պատմել է, որ ինքը իր տղային բանակ է ճանապարհել առողջ, ապա ներկայացրել է, թե ինչ վիճակում է տեսել բանակում տեղի ունեցած միջադեպից հետո. «Անտանելի վիճակ, կապույտ, ձեռքերը ծխախոտով վառած, ականջը լրիվ ցխած, հույս չունեմ, թե ականջը կվերականգնվի, ոտքերը` վերք, կապույտ, ու սրտից է բողոքում: Ասում է` քացով միշտ սրտիս էին խփում: Իսկ միջադեպի պատճառը, ասում են, այն է եղել, որ տղայիս զինվորական գրքույկը վերցրել, գցել են զուգարանը»:

«Ժորայի հայրը մեզ նաեւ տեղեկացրեց, որ լինում են պահեր, որ տղան «ցենզուրայից» դուրս է գալիս եւ անկապ բաներ խոսում, հետեւաբար չի հասկանում` տղան կապաքինվի, թե ոչ. «Օրինակ` հարց եմ տալիս` ով էր, ինչ էր, ինչի էր ծեծել, ինչի համար, ինքը իր բանակ գնալուց է պատմում»: Մեր այն դիտարկմանը` հայրը տղայից հարցրե՞լ է, թե որն է եղել միջադեպի պատճառը` արձագանքեց. «Ես իրեն հարցրեցի, ասաց` վայեննի բիլետը: Նրա պատմելով` վայեննի բիլետը գցել են զուգարանը, ինքն էլ ասել է, թե տղեք, ինչ եք անում, չէ՞ որ դա իմ պատիվն է: Ես դրա համար երկու տարի պետք է ծառայեմ: Կամ թեկուզ ինչ իրավունք ունեք, վերցնեք գցեք զուգարանը: Ինքը չի ասել, բայց իմ իմանալով ինչ-որ 7 հոգի են եղել, որից մեկը եղել է աֆիցեր: Ինձ ասել են, ես չեմ կարող այդ վարկածը միանշանակ հաստատել: Չգիտեմ, թե դրանք ովքեր են եղել, բայց կոպիտ ասած` եթե դուխ, թիկունք չունենային, տղայիս գժվացնելու աստիճան չէին ծեծի: Ու միշտ սրտին են խփել: Հիմա միշտ սրտից է բողոքում, բայց նա երբեք սրտից բողոքներ չի ունեցել: Եթե ուզում են մարդուն սպանել, սրտին մի 10 հարված որ տան, սիրտը կկանգնի, չէ՞: Բարեբախտաբար, տղաս այնքան ուժեղ է եղել, որ սիրտը չի կանգնել»,- գրում է «Ժամանակ»-ը: