Պետդումայի պաշտպանության կոմիտեի անդամ Վիկտոր Զավարզինը «Подъем» պարբերականի հետ զրույցում մեկնաբանել է Սերգեյ Սուրովիկինի մասին կենսագրական տեղեկանքի անհետացումը պաշտպանության նախարարության կայքում։ Նրա խոսքով՝ «ոչ մի ահավոր բան» տեղի չի ունեցել, իսկ գեներալը անցել է «ոչ վատ» պաշտոնի «ԱՊՀ գծով»։

Զավարզինը հայտարարել է, որ Սուրովիկինի համար այլ պաշտոն են «գտել»։ Նրա փոխարեն Օդատիեզերական ուժերն (ՕՏՈւ) այժմ ղեկավարում է Գլխավոր շտաբի պետը, ավելացրել է պատգամավորը։

«Նա [Սուրովիկինը] լավ է կռվել, դե, իրավիճակն անցել է։ Ես գիտեմ այն, ինչ եւ դուք <…> նա այլ պաշտոն ունի, այն վատը չէ, ԱՊՀ գծով, կամ՝ ինչպես է այն ճիշտ անվանվում։ Բայց եկեք սպասենք, տեսնենք, դա գլխավորը չէ»,- ասել է Զավարզինը։

Խորհրդարանականը նշել է, որ Սուրովիկինը «պատերազմում է եղել» եւ «հիմա հանգստանում է»։

«Հավանաբար, ինչ-որ ժամանակ արձակուրդում կլինի։ Ոչ մի ահավոր բան տեղի չի ունենում»,- հավաստիացրել է պատգամավորը։

Սեպտեմբերի 6-ին ԶԼՄ-ները եւ թելեգրամ-ալիքները ուշադրություն են դարձրել Սուրովիկինի մասին Օդատիեզերական ուժերի բաժնից ՌԴ ՊՆ տեղեկանքի անհետացման մասին։ Դրանից մեկ օր առաջ գեներալը նշվել էր ռազմական գերատեսչության պորտալում՝ որպես ՕՏՈւ գլխավոր հրամանատար։

Օգոստոսի վերջին ռուս լրագրողները, թելեգրամ-ալիքները եւ ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Սուրովիկինին հեռացրել են Օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնից։ Նրա պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել, ըստ ԶԼՄ-ների, ՕՏՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Վիկտոր Աֆզալովը։ Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես չի մեկնաբանել տեղեկությունը Օդատիեզերական ուժերի ղեկավարությունում վերանշանակումների մասին։

Սեպտեմբերի սկզբին ռուս լրագրողները եւ թելեգրամ-ալիքները տեղեկացրել են Սուրովիկինի նկատմամբ սահմանափակումները հանելու մասին, որոնք, ԶԼՄ-ների տվյալներով, դրվել էին գեներալի վրա «Վագներ» ՄՌԿ հիմնադիր Եվգենի Պրիգոժինի զինված խռովության փորձից հետո։