Եվրոպայի ժողովրդական կուսակցությանը (ԵԺԿ) «Ժառանգության» անդամակցության հարցի լուծումը հասել է շրջադարձային հանգրվանի, քանի որ կուսակցությունը համապատասխանում է առաջադրված հիմնական չափանիշներին:
Այս մասին նշվել է երեկ` հոկտեմբերի 13-ին, ԵԺԿ բրյուսելյան գրասենյակում, ԵԺԿ նախագահ, Բելգիայի նախկին վարչապետ Վիլֆրեդ Մարթենսի եւ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի հանդիպման ժամանակ:
«Ժառանգությունից» NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ-ում ԵՄ խորհրդական Էդուարդո Լորենեցոն եւ ԵԺԿ նախագահի աշխատակազմի ղեկավար Բրենդա Ֆուղնիեն:
ԵԺԿ նախագահի խնդրանքով, Սաֆարյանը ներկայացրել է խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակը, մի շարք ոլորտներում բարեփոխումների ընթացքն ու դրանց վերաբերյալ «Ժառանգությանե դիրքորոշումը, ինչպես նաեւ կուսակցության առաջիկա անելիքները:
Կողմերը տեսակետներ են փոխանակել արտաքին ու ներքին քաղաքականության շատ հարցերում ԵԺԿ-ի եւ «Ժառանգության» դիրքորոշումների, դավանած արժեքների ու գաղափարախոսությունների նույնության կապակցությամբ:
Սաֆարյանն արժեւորել է խորհրդարան մուտք գործելու պահից ի վեր ԵԺԿ-ի հետ «Ժառանգության» բազմամյա համագործակցությունն ու այն խորացնելու հրամայականը:
Հանդիպման ավարտին Վ.Մարթենսը տեղեկացրել է, որ ԵԺԿ մոտալուտ քաղաքական վեհաժողովում անդամակցության գործընթաց սկսելու որոշման կայացումից հետո Հայաստան կժամանի ԵԺԿ փաստահավաք խումբը` առաջադրված չափանիշներին հայտատու 4 կուսակցությունների համապատասխանությունը գնահատելու առաքելությամբ, ինչն էլ հիմք կհանդիսանա ԵԺԿ հետագա որոշումների կայացման համար:




























