«ԱրմենՏել»-ի բաժանմունքներում տեղադրված ռումբի մասին ահազանգ չի եղել, իսկ Ազատության պողոտայում գտնվող գլխավոր մասնաշենքից աշխատակիցներին տարհանել են տեղի ունեցած երկրաշարժի պատճառով։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին տեղեկացրեց «ԱրմենՏելի» մամուլի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը՝ ավելացնելով, որ քաղաքացիական անվտանգության կանոնների պահանջներով ընկերության աշխատակիցները 40 րոպեով շենքից դուրս են եկել։
«Այժմ բոլորը վերադառնում են իրենց աշխատանքին»,- ասաց Բեղլոյանը՝ ավելացնելով, որ տեղադրված ռումբի մասին տեղեկությունները մտացածին են։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հայաստանի տարածքում՝ Գառնիից 10 կմ արեւմուտք այսօր, ժամը 12.30-ին, տեղի է ունեցել 3,5 մագնիտուդով երկրաշարժ:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 7 կմ խորության վրա, էպիկենտրոնային գոտում ուժգնությունը կազմել է 5 բալ։
Երեւան եւ Աբովյան քաղաքներում երկրաշարժն զգացվել է 3-4 բալ ուժգնությամբ:
Ժամը 12.31-ին և 12.32-ին երկրաշարժին հետեւել է երկու հետցնցում` համապատասխանաբար` 2.0 եւ 3.0 մագնիտուդով։


























