«Բանակն առանց կասկածելի ինքնասպանությունների» խումբը պահանջում է Սեյրան Օհանյանի հրաժարականը եւ կոչ անում բոլոր առողջ երիտասարդական ուժերին միավորվել այդ հարցում:
Խմբի տարածած հայտարարությունում, մասավորապես, ասվում է.
«Մենք` բանակում դեռեւս չծառայած երիտասարդներս, միավորվելով «Բանակն առանց կասկածելի ինքնասպանությունների» խմբում, խիստ մտահոգված ենք բանակում գրեթե ամեն օր տեղի ունեցող զինվորների մահվան դեպքերով, որոնք ավանդականորեն ներկայացվում են իբրեւ ինքնասպանություն:
Դրանք տեղի են ունենում այն պատճառով, որ պաշտպանության նախարարությունը չի կարողանում տիրապետել զորամասերում տիրող վիճակին: Դրանից բացի, զինվորների հարազատները չունեն բանակի վերահսկողության որեւէ հնարավորություն, ինչպես դա ընդունված է այլ երկրներում, օրինակ` Վրաստանում:
Բանակի իրավիճակը պաշտոնապես վերահսկող կազմակերպությունները հանցավոր գեներալիտետի կամակատարն են եւ անգամ ձեռք են տալիս նրանց` մեր եղբայրների արյան հաշվին հարստանալու իմաստով:
Եվ այդ ամենը տեղի է ունենում պաշտպանույան նախարարի գիտությամբ եւ անմիջական հովանավորությամբ: Ելնելով դրանից, մենք պահանջում ենք Սեյրան Օհանյանի անհապաղ հրաժարականը:
Դրանից բացի, մենք կոչ ենք անում բոլոր առողջ երիտասարդական ուժերին միանալ մեզ այդ պահանջում եւ հրապարակավ հայտնել իրենց կարծիքը:
Հատկապես ակնկալում ենք «Չենք լռելու» եւ «Հիմա» նախաձեռնությունների, ինչպես նաեւ ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» երիտասարդական թեւերի միասնությունը եւ սպասում նրանցից յուրաքանչյուրի պատասխանին:
Ամեն օր զինվոր են սպանում, ամեն օր քեզ ու ինձ են սպանում: Միացիր ու ասա, որ ապրելու ենք...»:
Նշենք, որ «Չենք լռելու» նախաձեռնությունը դեմ է պաշտպանության նախարարի հրաժարակնի պահանջին, փոխարենը պահանջում է ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի հրաժարականը:
Հիշեցնենք, որ վերջին 5 օրում, հայկական բանակում երեք զինվոր է մահացել եւ բոլոր երեք դեպքերում պաշտոնապես այն որակվել է որպես «ինքնասպանություն»:




























