Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) նախազգուշացրել է միջուկային անվտանգության պոտենցիալ սպառնալիքի մասին Եվրոպայում ամենամեծ ատոմային էլեկտրակայանի՝ Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտ մարտական գործողությունների ակտիվացման հետ կապված։
ԱԷՄԳ-ն նշել է, որ իր փորձագետները, որոնք գտնվում են Ռուսաստանի օկուպացրած Զապորոժիեի ատոմակայանում, տեղեկացրել են, որ վերջին մեկ շաբաթում բազմաթիվ պայթյուններ են լսել, ինչը կարող է վկայել տարածաշրջանում ռազմական ակտիվության մասին, քանի որ Ուկրաինայի ուժերը շարունակում են հակահարձակումը։
ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին նախազգուշացրել է. «Ես նախկինի պես խորապես անհանգստացած եմ հնարավոր վտանգներով, որոնց բախվում է կայանը ռազմական բարձր լարվածության այս ժամանակներում»։
Նա նշել է, որ ԱԷՄԳ թիմը տեղեկացվել է այն մասին, որ ատոմակայանի անձնակազմը ժամանակավորապես կրճատվել է՝ հասնելով նվազագույնի շրջանում ռազմական ակտիվության ուժեղացման պատճառով։
«Ինչ էլ որ տեղի ունենա հակամարտության գոտում, որտեղ էլ որ տեղի ունենա՝ միջուկային վթարից կտուժեն բոլորը, եւ ես կոչ եմ անում ձեռնարկել զգուշության բոլոր միջոցները՝ դրանից խուսափելու համար»,- ավելացրել է Գրոսին։
ԱԷՄԳ-ն քանիցս մտահոգություն է հայտնել այն առիթով, որ մարտական գործողությունները կարող են հանգեցնել ճառագայթման պոտենցիալ արտահոսքի մի օբյեկտից, որն աշխարհում 10 խոշոր ատոմակայաններից մեկն է։
Կայանի վեց ռեակտորները կանգնեցվել են մի քանի ամսվա ընթացքում, բայց այն նախկինի պես էլեկտրաէներգիայի եւ որակյալ անձնակազմի կարիք ունի սառեցման կարեւորագույն համակարգերի եւ անվտանգության այլ միջոցների գործունեության համար։





























