«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան, այսօր` հոկտեմբերի 14-ին, ժամը 17:30-ին լինելու է Մասիս քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ տեղի կունենա ամուսնու դաժան ծեծից մահացած 20-ամյա Զ. Պետրոսյանի քրեական գործով դատավճռի հրապարակումը: Մեկ տարի շարունակ ձգձգվող դատավճիռն այսօր վերջնականապես կգտնի իր լուծումը:

«Կոչ ենք անում հասարակությանը միանալ մեզ եւ ականատես լինել Զ. Պետրոսյանի սպանության մեջ մեղադրվող Յ. Սարկիսովի գործով  դատավճռի կայացմանը:

Հիշեցնենք, որ Զարուհու մահից  հետո  7 հասարակական կազմակերպություններ («Կանանց իրավունքների կենտրոնը», «Հասարակություն առանց բռնության»-ը, «Կանանց ռեսուրսային կենտրոնը», Թուֆենկյան հիմնադրամի «Կանանց աջակցության կենտրոնը», «PINK Armenia»-ն, «Զանգակատունը» եւ «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը) կողմից ստեղծվել է կոալիցիա, որի նպատակը այս դեպքին հասարակական հնչեղություն տալն է եւ քրեական արդար գործի ընթացքին հետամուտ լինելը»,- նշված է կոալիցիայի հաղորդագրության մեջ: