ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նրա դաշնակիցները շաբաթ օրը հայտարարել են Հնդկաստանը Մերձավոր Արևելքի և Եվրոպայի հետ կապող երկաթուղային և նավագնացության միջանցք կառուցելու ծրագրերի մասին, որը հավակնոտ ծրագիր է և որն ուղղված է տնտեսական աճին և քաղաքական համագործակցությանը, հաղորդում է Associated Press-ը:

Միջանցքը, որը ուրվագծվել է աշխարհի առաջատար տնտեսությունների «20-ի խմբի» ամենամյա գագաթնաժողովում, կօգնի խթանել առևտուրը, էներգիա մատակարարել և բարելավել թվային կապը: Նախագիծը կներառի Հնդկաստանը, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Հորդանանը, Իսրայելը և Եվրամիությունը, ասել է Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

Սալիվանը նշել է, որ ցանցն արտացոլում է «հեռահար ներդրումների» մասին՝ Բայդենի տեսլականը, որոնք բխում են «արդյունավետ ամերիկյան ղեկավարությունից» և այլ երկրներին որպես գործընկերներ ընդունելու պատրաստակամությունից: Նա ասել է, որ բարելավված ենթակառուցվածքը կխթանի տնտեսական աճը, կօգնի միավորել Մերձավոր Արևելքը և տարածաշրջանը դարձնել տնտեսական գործունեության կենտրոն, այլ ոչ թե «խնդիրների, հակամարտությունների կամ ճգնաժամերի աղբյուր, ինչպես դա եղել է նորագույն պատմության մեջ»:

Հայտարարությանը մասնակցել են Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և աշխարհի տարբեր երկրների ղեկավարներ։

Սպիտակ տունը նախագծի արժեքի կամ դրա ֆինանսավորման մասին մանրամասներ չի հայտնել, չնայած Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը հայտարարության ժամանակ նշել է 20 միլիարդ դոլարի թիվը։ Հայտնի չէ, թե արդյոք այս գումարը վերաբերում է բացառապես Սաուդյան Արաբիայի պարտավորություններին։

Ֆոն դեր Լեյենը նախագիծը նկարագրել է որպես «կանաչ և թվային կամուրջ մայրցամաքների և քաղաքակրթությունների միջև»: Նա հավելել է, որ այն ներառում է էլեկտրաէներգիա և տվյալների փոխանցման մալուխներ։

Նա նաև հայտարարել է «տրանսաֆրիկյան միջանցքի» ստեղծման մասին, որը կապում է Անգոլայի Լոբիտո նավահանգիստը մայրցամաքի դեպի ծով ելք չունեցող տարածքների՝ Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության Կանանգա նահանգի և Զամբիայի պղնձի արդյունահանման շրջանների հետ:

Խոսելով աֆրիկյան նախագծի մասին՝ Բայդենն այն անվանել է «խաղը փոխող տարածաշրջանային ներդրում» և ասել, որ «այս երկու նախագծերն էլ հսկայական առաջընթաց են»։

Համաշխարհային ենթակառուցվածքների և էներգետիկ անվտանգության հարցերով Բայդենի համակարգող Ամոս Հոխշտեյնը նախանշել է հաջորդ տարվա համար նախագծի մոտավոր ժամանակացույցը:

Առաջիկա 60 օրվա ընթացքում աշխատանքային խմբերը կմշակեն ավելի համապարփակ պլան և ժամանակացույց: Առաջին փուլը կներառի ներդրումների կարիք ունեցող ոլորտների բացահայտում և թե որտեղ ֆիզիկական ենթակառուցվածքները կարող են կապվել երկրների միջև: Հոխշտեյնն ասել է, որ ծրագրերը կարող են առաջ շարժվել հաջորդ տարվա ընթացքում, որպեսզի նախագիծը կարողանա շարժվել դեպի ֆինանսավորում և շինարարություն:

Սալիվանն իր հերթին հայտնել, որ նախագիծը սկսեց ձևավորվել այն բանից հետո, երբ Բայդենը  2022 թվականի հուլիսին այցելեց Սաուդյան Արաբիա, որտեղ նա ընդգծեց ավելի մեծ տարածաշրջանային տնտեսական ինտեգրման անհրաժեշտությունը: