ԱՄՆ-ը մտադիր է մի քանի F-16 մարտական կործանիչներ տեղակայել Ռումինիայում՝ ՆԱՏՕ-ի օդային անվտանգության առաքելության կարիքների համար, հայտնում է Radio Romania International-ը։
Նշվում է, որ Ռումինիայում հայտնաբերված անօդաչու թռչող սարքի բեկորների հետ կապված միջադեպը քննարկվել է արտգործնախարար Լումինիկա Օդոբեսկուի եւ ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենի հեռախոսազրույցի ժամանակ։
Ըստ RRI-ի՝ քննարկվել է նաև օդային տարածքի պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ամրապնդման թեման, և այդ համատեքստում նշվել է Ռումինիայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-16 մարտական կործանիչների տեղակայումը՝ ՆԱՏՕ-ի օդային տարածքի առաքելություններին աջակցելու համար։
Նյութում նշվում է, որ ԱՄՆ իշխանությունները մտահոգություն են հայտնել Սևծովյան տարածաշրջանի անվտանգության վերաբերյալ Դանուբում ուկրաինական նավահանգիստների վրա վերջին հարձակումների լույսի ներքո և գնահատել են Ռումինիայի շահագրգռվածությունն՝ ԱՄՆ-ի, Եվրահանձնաժողովի և Ուկրաինայի հետ համատեղ արդյունավետ լուծումներ գտնելու հարցում:
Սեպտեմբերի 6-ի առավոտյան Ռումինիայի պաշտպանության նախարար Անխել Տիլվարը հայտարարեց, որ երկրում հայտնաբերվել են բեկորներ, որոնք, ենթադրաբար, ռուսական անօդաչու թռչող սարք են եղել: Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ բեկորները հայտնաբերվել են Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Պլաուրու շրջանում սեպտեմբերի 5-ի երեկոյան՝ Ուկրաինայի նավահանգիստներում պայթյունների մասին տեղեկությունների ֆոնին։
Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսն ավելի ուշ տեղեկացրել է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին անօդաչու թռչող սարքի բեկորների մասին:
Մինչ այս Ուկրաինայի Օդեսայի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը հայտնել էր, որ պայթյունի հետեւանքով տարածաշրջանում վնասվել են նավահանգստային եւ գյուղատնտեսական ենթակառուցվածքներ, գրում է Газета.ру-ն։





























