Եվրահանձնաժողովը պարզաբանել է ռուսաստանցիների նկատմամբ պատժամիջոցների մասին օրենսդրությունը, որոնց մուտքը ԵՄ երկրներ Ռուսաստանում գրանցված մարդատար ավտոմեքենաներով համարվում է արգելված ներմուծում։

ԵՀ պարզաբանման մեջ, որը մեջբերում է ՌԲԿ-ն, ասվում է, որ անկախ նրանից մեքենան օգտագործվում է մասնավոր թե առևտրային նպատակներով, այն կարող է առգրավվել, եթե   մտնում է XXI հավելվածում թվարկված մաքսային կոդերի մեջ (ներառյալ 8703 կոդը՝ մարդատար և տրանսպորտային միջոցներ, որոնք տեղավորում են առնվազն տասը մարդ):

ԵՀ-ն հղում է անում ԵՄ Խորհրդի 2014 թվականի հուլիսի 31-ի թիվ 833/2014 կանոնակարգին՝ «Ռուսաստանի գործողությունների հետ կապված սահմանափակող միջոցների մասին»։  Կանոնակարգի 3i հոդվածը նախատեսում է «արգելք ԵՄ երկրների տարածք մի շարք ապրանքների (բեռների), այդ թվում՝ ավտոմեքենաների վաճառքի և ներմուծման  (Հավելված XXI, կոդ 8703) վրա:

Եվրահանձնաժողովը նաև պարզաբանել է, որ ԵՄ սահմանը հատող Ռուսաստանի քաղաքացիներին արգելվում է իրենց հետ տանել XXI հավելվածում թվարկված անձնական իրերը։ Դրանք են՝ բջջային հեռախոսները, նոթբուքերը, ճամպրուկները, կոսմետիկան, կաշվե և մորթյա իրերը, կիսաթանկարժեք քարերը, զուգարանի թուղթը, շամպունը, ատամի մածուկը, տեսախցիկները։ ԵՄ մաքսային մարմինները կարող են թույլ չտալ դրանք  անցկացնել։

Հունիսի վերջին հայտնի դարձավ, որ ռուսաստանցիների անձնական մեքենաներն առգրավվել են Գերմանիա մուտք գործելիս։ Գերմանիայի Դաշնային մաքսային ծառայությունը բացատրել է, որ Ռուսաստանի Դաշնությունից մեքենայով երկիր մուտք գործելը մաքսային մարմինների կողմից դիտարկվում է որպես Ռուսաստանի Դաշնության դեմ եվրոպական պատժամիջոցների հնարավոր խախտման դեպք և մեքենան առգրավելու հիմք։ Ավելի ուշ մեքենաները սկսել են վերադարձնել, գրում է «Կոմերսանտը»։