Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը կիրակի  խոստացել է Ուկրաինային լրացուցիչ 2,3 միլիարդ դոլար օգնություն տրամադրել՝  պատերազմից հետո երկրի վերականգնմանն օգնելու համար, հայտնում է Yonhap-ը։

Յունը հայտարարել է այդ խոստման մասին Նյու Դելիում  G20-ի գագաթնաժողովի ժամանակ՝ ասելով, որ Հարավային Կորեան 2024 թվականին նախնական 300 միլիոն դոլարը կտրամադրի որպես հումանիտար օգնություն, իսկ 2025-ից սկսած մնացած 2 միլիարդ դոլարը՝ երկարաժամկետ, ցածր տոկոսադրույքով վարկերի տեսքով՝ Տնտեսական զարգացման համագործակցության հիմնադրամի (EDCF) շրջանակում:  

Հարավային Կորեան սկսել է EDCF ծրագիրը 1987 թվականին՝ զարգացող երկրներում տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքային նախագծերին աջակցելու համար:

«Սա ցույց կտա մեր պատասխանատու դերը՝ որպես Ուկրաինայում խաղաղության վերահաստատմանն օժանդակող համաշխարհային առանցքային պետություն և հիմք կստեղծի Ուկրաինայի ապագա վերականգնմանը մեր լիարժեք մասնակցության համար», - ասել է նախագահի խոսնակը։