Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել է, որ նախատեսում է վերադասավորումներ կատարել իր կաբինետում արդեն չորեքշաբթի օրը, իսկ դրանից կարճ ժամանակ անց կպատրաստի «արմատական» տնտեսական միջոցառումների փաթեթ՝ երկրի վերականգնումն արագացնելու համար, հայտնում է Reuters-ը։

«Ես մտածում եմ կուսակցության ղեկավարության և կաբինետի կադրային փոփոխություն իրականացնել  արդեն ամսի 13-ին», - ասել է Կիսիդան կիրակի Նյու Դելիում  G20 գագաթնաժողովի շրջանակում կայացած մամուլի ասուլիսում։- Ինչ վերաբերում է տնտեսական միջոցառումներին,  ցանկանում եմ, որ դրանք պաշտպանեն մարդկանց կյանքը թանկացումներից և մեծացնեն աշխատավարձերի բարձրացման և ներդրումների ավելացման միտումը: Ես ուզում եմ վճռական քայլեր ձեռնարկել՝ թիկունքում անհրաժեշտ բյուջե  ունենալով»,- ասել է նա։

Կիսիդան անցյալ ամիս հայտարարել էր, որ  սեպտեմբերին մտադիր է տնտեսական փաթեթ պատրաստել։

Կիսիդայի վստահության  վարկանիշը կտրուկ ընկել է կառավարության մի շարք ձախողումներից հետո։

Անցյալ շաբաթվա տվյալները ցույց են տվել, որ Ճապոնիայի տնտեսությունը երկրորդ եռամսյակում սպասվածից ավելի պակաս աճ է գրանցել, իսկ հուլիսին աշխատավարձերը նվազել են՝ կասկածի տակ դնելով Կենտրոնական բանկի կանխատեսումները, թե կայուն ներքին պահանջարկը երկիրը կպահի վերականգնման ճանապարհին: