Շրի Լանկայի նախագահ Ռանիլ Վիկրեմեսինգհեն կիրակի օրը հայտարարել է, որ ստեղծելու է հանձնաժողով, որը կգլխավորի Գերագույն դատարանի պաշտոնաթող դատավորը, որպեսզի հետաքննի բրիտանական հեռուստատեսության ռեպորտաժում ներկայացված պնդումները, թե երկրի հետախուզական ծառայությունը ներգրավված է եղել 2019 թվականի Զատկի կիրակիին   տեղի ունեցած պայթյուններին, որոնց զոհ է դարձել 269 մարդ, տեղեկացնում է Associated Press-ը։

Հարձակումները, որոնք ներառում էին ահաբեկիչ-մահապարտների միաժամանակյա պայթյուններ, ուղղված էին  երեք եկեղեցու և երեք տուրիստական ​​հյուրանոցի դեմ:

Նախագահի այս որոշումն ընդունվել է ընդդիմադիր օրենսդիրների, կրոնական առաջնորդների, ակտիվիստների և զոհերի հարազատների ճնշմամբ։ Նրանք ասում են, որ նախորդ հետաքննությունները չեն կարողացել բացահայտել պայթյունների մասին ճշմարտությունը:

 Երեքշաբթի օրը հեռարձակված հաղորդման ժամանակ 4-րդ ալիքը հարցազրույց է վերցրել մի տղամարդուց, որն ասել է, որ կազմակերպել է հանդիպում «Իսլամական պետությամբ» ոգեշնչված «National Thowheed Jamath» խմբավորման և նախկին նախագահ Գոտաբայա Ռաջապաքսային հավատարիմ պետական ​​հետախուզության բարձրաստիճան պաշտոնյայի միջև՝ անկայունություն ստեղծելու նպատակով դավադրություն կազմակերպելու  և Ռաջապաքսային 2019 թվականի նախագահական ընտրություններում հաղթելու հնարավորություն տալու համար։

Ռաջապաքսան ստիպված էր հրաժարական տալ 2022 թվականի կեսերին՝ երկրում ծանրագույն տնտեսական ճգնաժամի առիթով լայնածավալ բողոքի ցույցերից հետո:

Հինգշաբթի Ռաջապաքսան հերքել է իր դեմ ուղղված մեղադրանքները՝ ասելով, որ այն «պնդումը, թե մի խումբ իսլամական ծայրահեղականներ մահապարտ հարձակումներ են իրականացրել՝ ինձ նախագահ դարձնելու համար, անհեթեթ է»: