Հայկական դեղագործական «Լիկվոր» ընկերությունը նոր գործարան է բացել: Ընդհանուր ներդրումները կազմել են 4,5 մլն դոլար, որոնցից սարքավորումները` 1,3 մլն դոլար են: Գործարանը թողարկելու է 27 դեղագործական խմբի մոտ 70  անուն դեղորայք: Գործարանի բացմանն այսօր ներկա է գտնվել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագիծը ֆինանսավորվել է կառավարության հակաճգնաժամային ծրագրի շրջանակում` 880 մլն դրամի չափով (մոտ 2,4 մլն դոլար): Ներդրումների մյուս աղբյուրը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկն է եղել` 1 մլն դոլարի չափով: Մնացածը ֆինանսավորվել է ընկերության սեփական միջոցների հաշվին:

Ինչպես ողջույնի խոսքում նշեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը,  տեղական արտադրության բացումը երկրի տնտեսության համար միշտ էլ դրական խթան է հանդիսացել: «Հուսով ենք, որ որպես կենսունակ բիզնես-նախագիծ` սա դրական օրինակ կդառնա երկրի դեղագործական սեկտորի ամրապնդման առումով»,- հայտարարեց նախարարը:

«Լիկվոր» ընկերությունը հիմնադրվել է 1991թ-ին: 2000թ-ից ընկերությունն արտադրանք է արտահանում ԱՊՀ երկրներ: 2005թ-ին ընկերության բաժնետիրական կապիտալն անցել է ՎԶԵԲ-ին, որի մասնակցությունը 45 տոկոս է: