Գործարար միջավայրի բարեփոխումները կարող են որոշակի խնդիրներ ստեղծել այս կամ այն հարկատեսակի հավաքագրման վրա: Նման հայտարարությամբ այսօր` հոկտեմբերի 18-ին, հանդես եկավ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը` NEWS.am-ի խնդրանքով անդրադառնալով ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի պետ Գագիկ Խաչատրյանի նախորդ շաբաթ կատարած հայտարարությանը:

Հիշեցնենք, որ Գ. Խաչատրյանը Եվրամիության աջակցությամբ Երեւանում կայացած մաքսային ոլորտում իրականացվող բարեփոխումների  վերաբերյալ հոկտեմբերի 12-ի աշխատաժողովի ընթացքում հայտարարել էր հետեւյալը. «մեր պետությունը չունի այնքան հնարավորություններ, որ կարողանա բարեփոխումներ իրականացնել հարկային եկամուտների կորստի հաշվին»:

Սակայն, ըստ Վ. Գաբրիելյանի, գործարար միջավայրի բարելավման բարեփոխումները հարկային եկամուտների վրա բացասաբար կանդրադառնան միայն կարճատեւ ժամանակահատվածում, որից հետո` «այդ կորուստները կհատուցվեն»: