Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի զորամասի դիրքերում զինծառայող Վլադիմիր Ասատրյանի մահվանից անցել է շուրջ 10 օր, սակայն Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայությունն առայժմ որեւէ մեկի մեղադրանք չի առաջադրել:
Քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը NEWS.am-ին հայտնեց, որ ընթանում է նախաքննություն եւ հնարավոր են ձերբակալություններ:
Որեւէ ձերբակալված չկա նաեւ Իջեւանում հոկտեմբերի 13-ին Արամ Մելքոնյանի մահվան գործով: Նշենք, որ երկու դեպքում էլ ՊՆ քննչական ծառայությունը մահը որակել է որպես ինքնասպանություն: Ընդ որում, Վլադիմիր Ասատրյանը մահվանից առաջ ձեռքի ափի մեջ գրել էր իրեն նվաստացրած երկու զինծառայողների անունները: Ըստ քննչական ծառայության ներկայացուցչի, նրանք հարցաքննվել են, սակայն դեռ չեն ձերբակալվել: Զինդատախազ Գեւորգ Կոստանյանը միայն հայտարարեց, թե այդ զինծառայողները սպաներ չեն:
Վերջին օրերին բանակում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպերի փաստով միայն մեկ դեպքում է զինվոր կալանավորվել: Մատաղիսի զորամասում Յուրիկ Ներսիսյանի մահվան փաստով հարուցված քր.օր.-ի 110 հոդվածի (Ինքնասպանության հասցնելը) հատկանիշներով ձերբակալվել էր նույն զորամասի զինծառայող Ռաֆիկ Գրիգորի Մնացականյանը: Հոկտեմբերի 17-ին նա ինքնախոստովանական ցուցմունքներ էր տվել, իսկ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր քննչական մարմնի միջնորդությունը եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նշենք, որ հոկտեմբերի 9-ին էլ Մարտակերտի զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ, մահացել էր ժամկետային զինծառայող, Խարբերդի 19-ամյա բնակիչ Վլադիմիր Անդրանիկի Ասատրյանը:
Պաշտոնական վարկածով, հոկտեմբերի 12-ին, ժամը 12.40-ի սահմանում հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ, իրեն ամրակցված զենքով ինքնասպանություն է գործել ժամկետային զինծառայող, 19-ամյա Յուրիկ Գեւորգի Ներսիսյանը:
Եւս մեկ զինծառայող` Արամ Աշոտի Մելքոնյանը մահացել էր հոկտեմբերի 13-ին Իջեւանում: Երեք դեպքում էլ ՊՆ-ն քրեական գործ է հարուցել ինքնասպանության հասցնելու հոդվածով:


























