Սոչիի միջազգային օդանավակայանում թռիչքները ժամանակավորապես սահմանափակվել են Կրասնոդարի երկրամասում անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով։ Այդ մասին հայտնել է   քաղաքապետ Ալեքսեյ Կոպայգորոդսկին Telegram-ի իր ալիքում։

«Այսօր՝ առավոտյան ժամը ութին մոտ, Կրասնոդարի երկրամասի օդային տարածքում հերթապահող հակաօդային պաշտպանության համակարգերը անօդաչու թռչող սարք են ոչնչացրել։

Անվտանգության ապահովման նպատակով Սոչիի միջազգային օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակում է մտցվել։ Հանգստավայր մեկնող թռիչքները օպերատիվ կերպով ուղղվել են  այլընտրանքային օդանավակայաններ»,- նշել է նա։

Ըստ Կոպայգորոդսկու, ժամը 08:20-ից օդանավակայանն աշխատում է սովորական ռեժիմով։

«Սոչիում ամեն ինչ նորմալ է։ Քաղաքում իրավիճակը հանգիստ է»,- ասել է նա։

Sochi1.ru-ի հաղորդմամբ,  Սոչիի օդանավակայանում առնվազն 14 չվերթ է հետաձգվել, ինքնաթիռները մոտ մեկ ժամ չեն բարձրացել կամ վայրէջք կատարել հանգստավայրում։

 Տեղեկությունն այն մասին, որ Կրասնոդարի երկրամասի տարածքում անօդաչու թռչող սարք է խոցվել, հաստատել է նաև ՌԴ պաշտպանության նախարարությունը։