ԱՄՆ-ը խոցել է թուրքական անօդաչու թռչող սարքը, որը շատ մոտ է թռչել ամերիկյան զորքերին՝ Սիրիայի Հասաքա քաղաքում, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով երեք ամերիկացի պաշտոնյաների:

Դա հարձակողական անօդաչու թռչող սարք էր, որը ռումբեր էր նետում մոտակա թիրախների վրա, և թեև այն ուղղված չէր ամերիկյան զորքերին, այն բավական մոտ էր թռչում, որպեսզի վտանգ ներկայացնի ամերիկյան ուժերին, ասել է պաշտոնյաներից մեկը:

Պաշտոնյաները նշել են, որ կործանման հրամանը տրվել է թուրք զինվորական պաշտոնյաներին ավելի քան մեկ տասնյակ զանգերից հետո, որոնցում նրանց ասել են, որ ամերիկյան զորքերը գտնվում են տարածքում, և որ ԱՄՆ զինված ուժերը միջոցներ կձեռնարկեն պաշտպանվելու համար, եթե անօդաչու սարքը չհեռանա:

Անօդաչու թռչող սարքը խոցվել է ամերիկյան F-16 կործանիչի կողմից, AP-ին հաստատել է պաշտոնյան:

Միջադեպը վտանգում է մեծացնել լարվածությունը Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև, թեև Թուրքիան ռազմավարական կարևոր դաշնակից է և ՆԱՏՕ-ի անդամ: ԱՄՆ պաշտոնյաներն ու օրենսդիրները քննադատել են Թուրքիայի՝ մարդու իրավունքների վիճակն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու՝ Շվեդիայի դիմումի վավերացման ձգձգումները: