Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարությունը կքննարկի հանրապետության հասարակական վայրերում հիջաբ և նիկաբ կրելը արգելելուն ուղղված միջոցառումները։ Այս մասին Աստանայում կայացած ճեպազրույցում հայտարարել է գերատեսչության ղեկավար Աիդա Բալաևան։

«Մենք անպայման կուսումնասիրենք և կառաջարկենք այդ նորմերը։ Գոնե հասարակական վայրերում։ Ես այս պրակտիկան արդեն տեսնում եմ ամբողջ աշխարհում՝ որպես ազգային անվտանգության խնդիր։ Այնտեղ, որտեղ մարդիկ փակում են իրենց դեմքերը հասարակական վայրերում, շատ դժվար է որևէ նշանով ճանաչել [մարդու անձը]»,- ասել է Բալաևան։

Միաժամանակ, ըստ նրա, «դա կուսումնասիրվի հասարակության հետ միասին, և որպես լիազոր մարմին մենք կփորձենք ուժեղացնել աշխատանքը և խստացնել օրենսդրությունն այս ուղղությամբ»։

Նախկինում Բալաեւան հայտարարել էր, որ այժմ հանրապետությունում հրատապ է դարձել դպրոցներում հիջաբ կրող աշակերտների հարցը։