Երբ որ Ադրբեջանը փորձում է այլ հարթակ առաջարկել, դա կարող է մեր կողմից մեկնաբանվել, որ այլ հարթակ տեղափոխվելով Ադրբեջանը ցանկանում է արդեն իսկ պայմանավորված սկզբունքները չեզոքացնել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի առաջարկին՝ բանակցությունները Վրաստանում անցկացնելու վերաբերյալ:

«Գրանադայում տեղի ունեցավ հանդիպում, և ԵՄ հարթակում արձանագրվեցին ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման սկզբունքները՝ մեր և ԵՄ տեսակետից։ Հասկանալի է, որ երբ մենք Բրյուսելում հանդիպենք, խոսակցությունն այդ սկզբունքների շրջանակում պետք է տեղի ունենա, որը ես չէի ասի, որ համապատասխանում է միայն ՀՀ շահերին։

Եվ հիմա, երբ մենք քննարկում ենք Բրյուսելում հանդիպելու հարցը, իսկ Ադրբեջանը փորձ է անում այլ հարթակ առաջարկել, դա կարող է մեկնաբանվել, որ Ադրբեջանն, այլ հարթակ տեղափոխելով, ուզում է արդեն իսկ պայմանավորված սկզբունքները չեզոքացնել:

Սա է խնդիրը, մենք ասում ենք՝ եկեք սկզբունքները ֆիքսենք, այդ սկզբունքների տակ ստորագրենք, այդ սզբունքները հայտարարենք, այսինքն՝ պարզ լինի, թե մենք ինչ շրջանակում ենք խոսում եւ որն է լինելու մեր հետագա արդյունքը: Բայց երբ որ մենք սա թողնում ենք ու այլ հարթակներ ենք առաջարկում, եւ ըստ էության տպավարություն է առաջանում, որ մենք ուզում ենք այդ սկզբունքները դուրս մղել,   եւ մեր մտահոգությունները, թե կարող է այդ գործընթացի թիկունքում  կամ թաքնված պլան լինի այն, որ պրոցես տարվի ուժի գործադրմամբ, նոր պատերազմով, նոր էսկալացիայով,  խորանում է: Մենք դեմ չենք որեւէ խոսակցությանը, բայց մենք դեմ ենք այն տրամաբանությանը, որը մեզ դուրս կբերի արդեն իսկ պայմանավորված սզբունքների շրջանակից»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Ալիեւը օրեր առաջ  առաջարկել էր Փաշինյանին բանակցությունները անցկացնել Վրաստանում: