ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի 55-րդ նիստը կանցնի Երեւանում հոկտեմբերի 28-29-ին: Նման որոշում է ընդունվել Խորհրդի անցած նիստի ժամանակ, որը կայացել էր մայիսի 18-19-ին Հելսինկիում (Ֆինլանդիա):
Երկաթուղային տրանսպորտի խորհուրդը ստեղծվել է 1992 թ. փետրվարի 14-ին միջպետական մակարդակում երկաթուղային տրանսպորտի աշխատանքի համակարգման համար:
Խորհրդի անդամներն են՝ Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Ուկրաինան: Ասոցացված անդամներն են՝ Բուլղարիան, Վրաստանը, Լատվիան եւ Ֆինլանդիան, իսկ պայմանագրային հիմունքների վրա Խորհրդի աշխատանքներին մասնակցում են նաեւ Լիտվան եւ Էստոնիան:
Խորհրդում դիտորդի կարգավիճակ ունի Երկաթուղու աշխատողների եւ տրանսպորտային շինարարների արհմիության միջազգային կոնֆեդերացիան:
Երեւանյան նիստի ժամանակ Խորհրդի անդամները նախատեսում են, մասնավորապես, քննարկել անցած նիստի ընթացքում կայացված որոշումների կատարման ընթացքը, գնացքների երթեվեկության նորմատիվները 2012-2013 թթ. համար, երկաթուղային ադմինիստրացիանի միջեւ փոխադարձ հաշվարկների կարգը, ինչպես նաեւ միջազգային հաղորդակցությունում բեռնափոխադրումների սակագնային քաղաքականությունը:



























