Մամուլի ազատության հարցերի ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը, հոկտեմբերի 20-ին, Թբիլիսիում կբացի Հարավկովկասյան ամենամյա 8-րդ մեդիա-համաժողովը:
2 օրվա ընթացքում համաժողովի մասնակիցները կքննարկեն համացանցի կանոնակարգման եւ մեդիա ոլորտի բազմակարծության հարցեր: Համաժողովին կմասնակցեն 70-ից ավելի լրագրողներ, ոչ պաշտոնական լրատվամիջոցների ներկայացուցիչներ, խորհրդարանների անդամներ, պաշտոնական անձինք եւ ակադեմիական ոլորտի ներկայացուցիչներ Հայաստանից, Վրաստանից եւ Ադրբեջանից:
Համաժողովի մասնակիցները կքննարկեն համացանցի դերը ԵԱՀԿ տարածաշրջանում բազմակարծության խորացման գործում, մասնավորապես` Հարավային Կովկասում, ինչպես նաեւ կվերլուծեն միջազգային չափանիշներն ու փորձը, տեսակետներ կփոխանակեն Հարավային Կովկասում մեդիա ոլորտի ազատության վերաբերյալ:
Տեղացի եւ արտերկրի փորձագետները կխոսեն համացանցի կանոնակարգման ոլորտում իրենց ունեցած փորձից: ԵԱՀԿ-ի զեկույցի հիմքում ընկած կլինի ազատ ինքնադրսեւորման առումով Հարավային Կովկասի երկրների օրենսդրությանը վերաբերող տեղեկատվությունը:
Վերջում կմշակվեն առաջարկներ եւ կընդունվի համաժողովի մասնակիցների հայտարարագիրը:




























