Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին դուր չեն եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախազգուշացումները Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ հակամարտության քաղաքացիական զոհերի մասին։

«Ես ավելի քան զայրանում եմ, երբ լսում եմ, որ Ռուսաստանի նախագահն ամենուրեք նախազգուշացնում է, որ զինված բախումներում կարող են խաղաղ զոհեր լինել։ Իրականում ավելի ցինիկ բան չկա, քան դա»,- ասել է Շոլցը Գերմանիայի խորհրդարանում, տեղեկացրել է Reuters-ը։

Նրա խոսքով՝ Եվրամիությունը պետք է համատեղ շարունակի ֆինանսապես աջակցել Ուկրաինային ապագայում, բայց լրացուցիչ միջոցների օգտագործումը լուծում չէ երկարաժամկետ հեռանկարի համար։ «Մենք հստակ դիրքորոշում ունենք. օգնել Ուկրաինային, մենք պետք է համատեղ օգնություն տրամադրենք՝ որպես եվրոպացիներ»,- ասել է Շոլցը։

«Այս դժվար ժամանակներում մեր տեղն Իսրայելի կողքին է»,- ասել է նա։ «Իսրայելը իրեն պաշտպանելու լիակատար իրավունք ունի, բայց Իսրայելում մեր բարեկամների հետ խոսակցություններում մենք հասկացրել ենք, որ հումանիտար օգնությունը եւս ընդհանուր պատկերի մի մասն է»,- ասել է նա։

Կանցլերը հայտարարել է, որ անհրաժեշտ է անել ամեն բան, որպեսզի տարածաշրջանային էսկալացիան չխորանա, եւ որ Իրանի եւ «Հեզբոլլահի» ներգրավումը պատերազմին «սխալ կլիներ»։

Նրա խոսքով՝  Եվրոպական խորհուրդը «միասնական» է Իսրայելին աջակցության հարցում։