ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նոր ոչ մշտական հինգ անդամների հարցը քննարկման փուլում է, եւ վերջնական որոշում առայժմ չի կայացվել: Այս մասին, հոկտեմբերի 21-ին, կայացած մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւան:
Դ. Գերչեւան հիշեցրել է, որ Ադրբեջանը եւս անդամության հայտ է ներկայացրել, եւ որոշում կայացնելիս հավուր պատշաճի հաշվի կառնվեն չկարգավորված հակամարտությունները տարածաշրջանում, հատկապես` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ինչպես նաեւ այն հետեւանքները, որոնք կարող է ունենալ Ադրբեջանի հնարավոր անդամակցությունը հակամարտության կարգավորման հարցում:
Նա նաեւ ընդգծել է, որ ՄԱԿ-ը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում միջնորդի դեր չի կատարում, բայց սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբին` մեծ ջանքեր գործադրելով հակամարտության խաղաղ եւ միջազգային չափանիշներին համապատասխան կարգավորման համար:




























